Մշակույթ

Վերջին հրաժեշտը Արմեն Մազմանյանին

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Ընդամենը 5 օրից կբոլորեր Արմեն Մազմանյանի 54- րդ տարին. բազում անավարտ գործեր ու ծրագրեր, ստեղծագործական կյանքում անթիվ- անհամար դերեր ու բեմադրություններ, հեռուստատեսային շոուներ, պրոդյուսերական աշխատանքներ հայրենիքում  և նրա սահմաններից դուրս, ներկայացումներ փոքրերի և մեծահասակների համար Երևանի տարբեր բեմերում: Կազմակերպել և նախաձեռնել է բազմաթիվ և բազմապիսի միջոցառումներ, արվեստի երեկոներ, շնորհանդեսներ, շոու- ծրագրեր, ցուցահանդեսներ, հեռուստանախագծեր:

1983 թվականից հանդես է եկել մի շարք ներկայացումներում որպես բեմադրիչ և դերասան` Զեյթունցյանի  «Ոտքի դատարանն է գալիս», Դեմիրճյանի « Քաջ Նազար», Երնջակյանի «Պարոնայք, ամեն ինչ կործանվում է», Շեքսպիրի «Համլետ», «Ռոմե և Ջուլիետ» և այլն: 1980 թվականին Բաքվի «Թատրոնի տեսություն» միջազգային կոնգրեսում  արժանացել է 2-րդ մրցանակի: Մասնակցել է բազմաթիվ փառատոների Ռուսաստանում, Գերմանիայում, Եգիպտոսում, Հարավսլավիայում և Հայաստանում: Նկարահանվել է « Ընտրություն», «Տղամարդկային  գործ», « Ճակատագիր», « Ես եմ», ֆիլմերում: Ահա նրա թողած ստեղծագործական ժառանգության ոչ ամբողջական ցանկը:

Այս ամենից զատ հասարակական գործիչ և հայրենյաց հողի աննկուն պաշտպան: Մասնակցել է արցախյան մարտերին, եղել է « Մուշ» ջոկի հրամանատարը: Արժանացել է «Գարեգրին Նժդեհ» շքանշանի, « Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալի, Մարտական ծառայության համար մեդալի: Աշխատանքային վերջին հանգրվանն ու առաքելությունը մանկավարժությունն էր, թատրոնի և կինոյի ապագան կերտողներին կրթելը։

Արմեն Մազմանյանի յուրաքանչյուր աշխատանք առանձնանում է յուրովի մեկնությամբ, ինքնատիպ ձեռագրով: Անհանգիստ բնավորությամբ բազմազբաղ արվեստագետին ճանաչողները նշում են, որ մեր մշակութային կյանքը զրկվեց այնպիսի ուրույն մտածողներից մեկից, ով դեռ շատ ու շատ ասելիք ուներ: 

Արմեն Մազմանյանի աճյունն այսօր ամփոփվեց Երևանի քաղաքային պանթեոնում:

Ցուցադրել ավելի
Back to top button