ԿարևորՔաղաքական

Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի, Չիրագովն ընդդեմ Հայաստանի. ի՞նչ կորոշի ՄԻԵԴ- ը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Հայաստանի Գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը եւ նրա գլխավորած պատվիրակությունը հունվարի 21-ին մեկնելու են Ստրասբուրգ` մասնակցելու դատական նիստի, որին Հայաստանում մեծ ուշադրություն են դարձնում: Խոսքը` Եվրադատարանում Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի, Չիրագովն ու ուրիշներն ընդդեմ Հայաստանի հայցերի մասին է:

Ըստ էության` Եվրադատարան տեղափոխված հայ-ադրբեջանական հակադրության երրորդ փուլն է մեկնարկելու հունվարի 21-ին: Միջազգային իրավունքի մասնագետները փաստում են. Եվրադատարանը մեծ դժվարությամբ է քննում ընդունված երկու հայցերը:

Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ Մինաս Սարգսյանը դեռեւս 2006-ին էր հայց ներկայացրել Եվրոդատարան, իսկ գործի քննությունը սկսվել էր 2010-ին: Ներկայումս Սարսգյանի այրին եւ երեխաներն են շարունակում հետեւել դատական գործընթացին: Հայցում, մասնավորապես, մեղադրանք է առաջադրվում Ադրբեջանին սեփականությունը տնօրինելու եւ օգտագործելու իրավունքի ոտնահարման, անձնական եւ ընտանեկան կյանքի իրավունքի ոտնահարման համար:

Մոտավորապես նույն մեղադրանքներով Հայաստանի դեմ հայց են ներկայացրել նաեւ Չիրագովն ու մի խումբ ադրբեջանցիներ: Հայցերում, սակայն, կա մի տարբերություն, ասում է Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը: «Այն տարածքը, որի վերաբերյալ վեճը հարուցվել է, Սարգսյանի դեպքում Ադրբեջանի չի կարող ասել՝ չեմ վերահսկում այդ տարածլկ, Չիրագովի դեպքում՝ Հայաստանը կարող է ասել, եթե ուզում եք գտնել, դա պետք է լինի ԼՂՀ- ն, որը ճանաչված պետություն չէ»,- ասում է Ղազարյանը։

Նպաստավոր իրավիճակում կա մի բայց. Եվրոդատարանը կաշկանդված չէ փաստի ուժով որոշումներ կայացնել: Եթե դատարանին հաջողվի պարզել, որ Հայաստանն իր զինված ուժերով արդյունավետ վերահսկում է Քարվաճարի տարածքը, ապա կայացրած հնարավոր վճիռը նպաստավոր չի լինի մեզ համար: Արա Ղազարյանը կանխատեսում է, որ եթե ոչ բարենպաստ վճիռ կայացվի Հայաստանի համար, ապա դա կսկսի շահարկվել նաեւ քաղաքական դաշտում:

Ամեն դեպքում՝ Հայաստանը Եվրադատարանում դեռ շանսեր ունի, քանի որ դեռեւս մեկ տարի առաջ այդ կառույցը չի կարողացել պատասխանել մի հարցի, որի լուծումը չի գտնվում նաեւ քաղաքական դաշտում: «Կենտրոնական հարցը, որ Հայաստանը բարձրացրել է մեկ տարի առաջ, արդյո՞ք ՀՀ- ն կարող է պատասխանատվության կանչվել այն դեպքերի համար, որ տեղի են ունեցել իր աշխարհագրական սահմանից դուրս։ Եթե գտնվի, որ ՀՀ- ն չի կարող պատասխանատվույան կանչվել, ապա դիմումը կմերժվի»։

Ավելացնեմ, որ ՄԻԵԴ Գերագույն պալատը հանդիսանում է գլխավոր մարմինը: Որոշումներն օրենքի ուժ են ստանում հրապարակվելուց անմիջապես հետո, բողոքարկման ենթակա չեն եւ պարտադիր են կողմերի համար։  

Ցուցադրել ավելի
Back to top button