Սպորտ

ՀԱՕԿ. Ռուսաստանը տվել է անվտանգության երաշխիքներ

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Ձմեռային օլիմպիադայի մեկնարկից ուղիղ մեկ ամիս առաջ Սոչիում սկսել է գործել հատուկ ռեժիմ, որը նախատեսում է անվտանգության միջոցառումների ուժեղացում, քաղաքի փողոցներում տրանսպորտի երթևեկության նոր կանոններ: Օլիմպիադայի անվտանգությունն ապահովելու նպատակով ստեղծվում է արգելված գոտի, որը կարելի է անցնել միայն ծառայողական կամ արտադրական անհրաժեշտության պարագայում։ Գոտին հասնում է մինչև Կարաչաևո Չերկեսսկի և Աբխազիայի սահմանները։ Ստեղծվում են նաև հսկողության գոտիներ, որոնք կարելի է մուտք գործել ոստիկանական զննումից հետո։

Ուժի մեջ են մտնում երթևեկության հատուկ կանոններ. մինչև մարտի 21-ն արգելվում է տրանսպորտային միջոցների մուտքն ու երթևեկությունը Սոչիի տարածք, բացառությամբ՝ երկաթուղային տրանսպորտի և Սոչիում գրանցում ունեցող մեքենաների: Եթե այլ մեքենա մտնի հատուկ գիծ, վարորդը մեծ տուգանք կվճարի։ Քաղաքի բնակիչներին իշխանությունները հորդորում են հատուկ ռեժիմի ժամանակաշրջանում հրաժարվել անձնական ավտոմեքենաներով երթեւեկելուց։

Անվտանգության աննախադեպ միջոցները բացատրվում են ահաբեկչական հավանական գրոհները կասեցնելու անհրաժեշտությամբ։ Դեռ կես տարի առաջ հյուսիսկովկասյան գրոհայինների առաջնորդ Դոկու Ումարովը սպառնացել էր հարձակումներ իրականացնել և խափանել Սոչիի օլիմպիադան։

Սոչիում արդեն  գործում է Օլիմպիադայի գլխավոր լրատվական կենտրոնը, որը հունվարի 23-ից կաշխատի շուրջօրյա ռեժիմով։ Այդ կենտրոնում ռեպորտաժներ են պատրաստելու մոտ 6․5 հազար լրագրողներ։

Financial Times-ի մեկնաբանի կարծիքով` Վոլգոգրադի ահաբեկչական գրոհներից հետո Ռուսաստանում խստացնում են անվտանգության միջոցները, սակայն դրանք գուցեև արդյունավետ չլինեն, քանի որ հյուսիսկովկասյան զինյալներն արդեն լավ են ուսումնասիրել Անվտանգության դաշնային գործակալության աշխատաոճը, և հիմա մահապարտ ահաբեկիչ կանանց` «սև այրիներին» են ուղարկում ռումբեր պայթեցնելու։ «Իհարկե, Վոլգոգրադից հետո ձեռնարկված միջոցները կարող են որոշ չափով փարատել իշխանություններից դժգոհ բնակիչների մտահոգությունները, սակայն դժվար թե օգտակար են մահապարտների դեմ պայքարում»,- ասել է անվտանգության ծառայությունների հարցերով զբաղվող լրագրող Անդրեյ Սոլդատովը։ Նրա կարծիքով՝ Անվտանգության դաշնային ծառայությունը չի կարողանում արդյունավետ պայքարել գրոհայինների ապակենտրոնացված և փոքրաթիվ խմբերի դեմ։

Նկատենք, որ Սոչիում կայանալիք Օլիպիադայաին մասնկցելու նաև Հայասատանը։ «Ինչ վերաբերվում է անվտանգությանը, ապա մեծ քննարկում է լինելու։ Իհարկե՝ բոլոր երաշխիքները Ռուսաստանը տվել է, բայց մենք էլ պետք է ուշադիր լինենք ու վստահ եմ, որ ավելի լավ կլինի»,- «Ռադիոլուրին հայտնեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։

Նա նշեց, որ վարկանիշային մրցումները շարունակվում են, որից հետ «մինչև հունվարի 21-ը պարզ կլինի, թե Հայաստանն ինչ մարզաձեւերով հանդես կգա»։ Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ հիմնական շեշտը դրված է լինելու դահուկային և լեռնադահուկային մարզաձևերի վրա։

Հիշեցնենք, որ Սոչիում ձմեռային Օլիմպիադան կանցկացվի փետրվարի 7-23-ը:

Ցուցադրել ավելի
Back to top button