ԿարևորՄշակույթ

Լեւոն Խեչոյան. Մարդ, որն իր խնկի ծառերը գիտեր, իր երկրի հողի դողը գիտեր և դրանց անունից էլ մեզ հետ խոսում էր

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Նա կյանքից հեռացավ իր գրչի ամենաբեղուն շրջանում: Գրականագետ Դավիթ Գասպարյանի բնորոշմամբ՝ Լևոն Խեչոյանն անմրցելի էր ոչ միայն գրականության մեջ, այլ մարտի դաշտում: Նա երբեք կողքից դիտողի կերպարում չգտնվեց, գրիչը մի կողմ դրեց ու մեկնեց  ռազմաճակատ, երբ հայրենիքն ուներ դրա կարիքը:

Հայ հանրությունն այսօր հրաժեշտ տվեց ոչ միայն հայ ժամանակակից գրականության մեծագույն դեմքերից մեկին , այլև  չափազանց ազնիվ, սկզբունքային մտավորականի: Ծաղկաձորի Կեչառիս վանքում այսօր տեղի է ունեցել  արձակագիր, ազատամարտիկ Լևոն Խեչոյանի հրաժեշտի արարողությունը: Նրա դին ամփոփվել է Հրազդանի ընտանեկան գերեզմանատանը: Հիշեցնենք՝ Լևոն Խեչոյանը մահացել է հունվարի 8-ին երկարատև ծանր հիվանդությունից հետո: 

«Լևոնը մի գիրք ունի՝ «Խնկի ծառեր», նաև պատմվածք՝ «Հողի դողը»։ Նա այն մարդն էր, որն իր խնկի ծառերը գիտեր, իր երկրի հողի դողը գիտեր և դրանց անունից էլ մեզ հետ խոսում էր։ Ուժ կար մեջը, քանդակագործի թափ կար, նրա գրական ձեռքն այդպիսին էր: Մարդու մեջ խորանալ գիտեր, ժամանակի ծանրությունն իր վրա վերցնող  հեղինակ էր: Գրականության մեջ զինվորի նման էր: Բառի գինը գիտեր, լռակյաց էր, քիչ էր խոսում, գիտեր, որ արտասանված բառը արժեք է»,- կինոգետ Դավիթ Մուրադյանը դժվարությամբ է խոսում, նրա համար կորուստն անձնական է։

«Նա տղաներին հաճախ հավաքում էր, դաստիարակչական բաներ պատմում՝ հեքիաթներից սկսած, քարոզում էր, որ միասնական լինեն, նման ճակատագրական պահերին  իրար դեմ դուրս չգան: Լևոնին ոչ որպես ազատամարտիկ, այլ գրողի ես փայփայել եմ, ցանկացել եմ,  որ կենդանի մնա, որպեսզի իր կիսատ թողած գործը շարունակի: Նա եզակի մարդ էր, անհատականություն, լինելով մեծ արձակագիր, եկել էր մարտի դաշտում իր պարտքը հայրենիքի առաջ կատարելու»,- պատմում է «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, ում ջոկատում էլ կռվել է Լևոն Խեչոյանը։

«Նա գնաց ավելի քան չասված, չլսված իր մտքերը, գաղափարները, իր մաքրությունն  ամբողջությամբ չտված, նաև իր անաղարտությամբ մարդկանց ամբողջովին  չվարակած»,- ասում է արվեստագետ, ազատամարտիկ Գագիկ Գինոսյանը։

Չարենցի «Ռեքվիեմում» կան տողեր, որոնք նվիրված են հանճարեղ Կոմիտասին. «Ինչ ենք թաղում քեզ հետ՝ մարդու աճյուն մի քիչ, թե  ողջ տիեզերք»: Համեմատության նշան չեմ դնում, բայց յուրաքանչյուրն իր ժամանակի  մեջ Կոմիտասի այբուբենով է սնում իր ժողովրդին, երբ արդար արարման մեջ է>»,- ասում է դերասան Ռուբեն Կարապետյանը՝ համոզված, որ Լևոն խեչոյանի արարման ակունքը հենց ինքը՝ արդարությունն էր:

Լևոն խեչոյանի առաջին՝ «Խնկի ծառեր» գիրքը լույս է տեսել 1991 թվականին, վերջինը կլինի դեռևս հրատարակման փուլում գտնվող «Մհերի դուռը» երկար սպասված վեպը: Գրքի  ազդօրինակը հեղինակը հասցրեց տեսնել մահվանից ընդամենը մի քանի օր առաջ։

Ցուցադրել ավելի
Back to top button