Հասարակություն

Էներգետիկ եւ բնապահպանական անվտանգության սահմանը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Բնապահպանների կարծիքով, Հայաստանում փոքր ՀԷԿ-երի կառուցումը իսկական պատուհաս  է դարձել: Նրանք շարունակում են ահազանգել՝  հատկապես մի գետի վրա մի քանի փոքր ՀԷԿ-ի կառուցումը պարզապես սպանում է տվյալ գետը:

Այժմ Հայաստանում շուրջ 200  փոքր ՀԷԿ կա,  նրանց մեծ մասը կառուցման կամ շահագործման փուլում են, մյուսները՝  նախագծման եւ հետագա տարբեր փուլերում: Մեր երկրում  փոքր հզորության հիդրոէլեկտրակայանների կառուցման գործընթացը համարվում է վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման առաջատար ուղղություն: Այն պետք է նպաստի Հայաստանում էներգետիկ անկախության հաստատմանը:

Փոքր ՀԷԿ- եր են համարվում մինչև 10 ՄՎտ ընդհանուր հզորությամբ բոլոր տիպի հիդրոէլեկտրակայանները: Փոքր ՀԷԿ- երը մաքուր էներգիայի ստեղծման աղբյուր են համարվում, որի դեպքում վնասակար նյութեր և ջերմոցային գազեր չեն արտանետվում մթնոլորտ, այլ օգտագործվում են էներգիայի ստեղծման տեղական, բնական աղբյուրները, ներգրավվում է փոքր և միջին բիզնեսը:  

Հայաստանում հիդրոէլեկտրակայանների պատմությունը սկսվում է 1903-ից, երբ Ողջի գետի վրա կառուցվեց 75 կՎտ հզորությամբ հիդրոէլեկտրակայան` Կապան քաղաքի պղնձարտադրության էլեկտրամատակարարման նպատակով: Խորհրդային Միության տարիներին Հայաստանի տարածքում գործել է 25 փոքր ՀԷԿ, որից անկախ Հայաստանում գործունեությունը շարունակել է 17-ը: 1992-95 թթ. էներգետիկ ճգնաժամի հաղթահարումից անմիջապես հետո սկսվել է փոքր ՀԷԿ- երի սեփականաշնորհման գործընթացը: Կառուցվել են նոր փոքր ՀԷԿ- եր։

2000 թվականից սկսած՝ մեծ թափ է ստացել փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարությունը, իսկ վերջին տարիներին գործող փոքր ՀԷԿ- երի թիվը կրկնապատկվել է, գումարային արտադրանքը`գրեթե եռապատկվել: Փոքր ՀԷԿ- երի շահագործման թույլտվությունը վերապահված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որի պաշտոնական կայքէջում տեղադրված  տեղեկատվության համաձայն՝ 2004-2011թթ ՀՀ-ում գործարկվել է 90ՓՀԷԿ, մինչդեռ 1998-2003թթ 17:

2012-ի հունվարի տվյալներով՝ կառուցման փուլում են 87 ՓՀԷԿ-եր: 2012-ից 2014թթ ՀՀ-ում գործարկման ենթակա 87 փոքր ՀԷԿ- երից 73- ը կհանդիսանան բնական ջրահոսքի վրա կառուցված փոքր ՀԷԿ-եր: Արդեն հաջորդ տարվա հունվարին (2015թ) բնական ջրահոսքերի վրա գործող փոքր ՀԷԿ-երի քանակը կկազմի ընդհնուրի մոտ 65 տոկոսը, նրանց հզորությունները կկազմեն ընդհանուրի մոտ 75 տոկոսը, իսկ առաքվող էլկետրական էներգիան՝ մոտ 77 տոկոս։

Բնապահպանության նախարար Արամ  Հարությունյանը ևս կարևորում է ջրի էներգիան որպես այլընտրանքային վերականգնվող էներգետիկ աղբյուր օգտագործելը,  ասում է՝  երկրի համար բնականաբար նպաստավոր կլինի, որովհետև այդ էներգիան և էկոլոգիապես անվտանգ է, և ավելի էժան էներգիա է ստացվում, սակայն մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի  կարողանանք ճիշտ կառուցել։

Արամ Հարությունյանը  վստահեցնում է, որ ՀԷԿ կառուցելու թույլտվություն ստանում են միայն օրենսդրության պահանջները բավարարող կազմակերպությունները։ Նախարարը վստահեցնում է, իսկ բնապահպաններն ու  բնակիչները շարունակում են ահազանգել, նրանց մտահոգությունները խմելու և ոռոգման ջրերի նվազմամբ են պայմանավորված:

«ԷկոԼուր» տեղեկատվական կենտրոնի տնօրեն Ինգա Զարաֆյանի կարծիքով՝ Հայաստանում փոքր ՀԷԿ կառուցելը միայն բիզնես շահեր է հետապնդում։

2013-ին փոքր ՀԷԿ- երի խնդիրը նաև Գյումրի հասավ: Շիրակը հանրապետության այն մարզերից է, որտեղ հանքավայրեր չկան, սակայն Արփի լիճը փոքր ՀԷԿ-երի պատճառով դատարկվում է: Դրա մասին «ԷկոԼուրի» հետ զրույցում 2013-ի սեպտեմբերին պատմել էր Գյումրիի Օրհուս կենտրոնի համակարգող Գեւորգ Պետրոսյանը:  Նախորդ տարվա օգոստոսին  էլ Մարց գյուղի բնակիչներն էին պայքարում  «Մարցիգետ 1»  փոքր ՀԷԿ-ի կառուցման դեմ: Սևանա լճի ջրային ավազանի մեջ մտնող Դարանակ գետի վրա կառուցվող փոքր ՀԷԿ-ի կառուցման դեմ ևս ակտիվ պայքար էր ընթանում: « Աղմուկ բարձրացրած և ոչ  մի նախագիծ չմերժվեց ոչ միայն 2013-ին , այլ նաև վերջին տարիներին ընդհանրապես»,- ասում է Զարաֆյանը։

Ամենամեծ թվով փոքր ՀԷԿ-եր կառուցվում են Սյունիքի, Լոռու, Վայոց ձորի և Տավուշի մարզերում, նախագծերի գերկաշիռ մասը նույնպես նույն մարզերում է: Ամենամեծ հզորություն և արտադրոթյան մեծ ծավալն ապահովում է Լոռու մարզը: 

Ցուցադրել ավելի
Back to top button