Մշակույթ

Փարաջանովի 90- ամյակին նվիրված ցուցահանդես՝ Թբիլիսիում

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»

Այսօր լրանում է հայտնի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90 -ամյակը: Թբիլիսիիում, որտեղ ծնվել է Փարաջանովը, այդ առիթով բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված: «Հայարտուն» մշակութային կենտրոնում բացվել է Սերգեյ Փարաջանովի լուսանկարների ցուցահանդեսը, որի շրջանակներում ցուցադրվելու է նաև Ռոն Հոլլովեյի «Փարաջանով. Ռեքվիեմ» ֆիլմը:

«Ես հայ եմ, ապրում եմ Թիֆլիսում, մեղադրվում եմ ուկրաինական նացիոնալիզմի մեջ,- մի առիթով հարցին, թե ով ես դու, պատասխանել էր Փարաջանովը՝ ավելացնելով նաև,-  ես ուր էլ լինեմ, լավ ֆիլմեր եմ նկարում, եթե անգամ ինձ Աֆրիկա ուղարկեք, կնկարեմ աֆրիկյան լավ ֆիլմեր»:

Փարաջանովը համաշխարհային ճանաչման է արժանացել հատկապես «Մոռացված նախնիների ստվերները» (1964թ.) կինոնկարով, որը դասվել է աշխարհի լավագույն ֆիլմերի շարքը և արժանացել 28 տարբեր պարգևների: Նրա գլուխգործոցը, սակայն, կարելի է համարել «Նռան գույնը»(1968 ), որը պատմում է թիֆլիսահայ աշուղ Սայաթ-Նովայի կյանքի մասին: Այս երկու ֆիլմերն էլ ենթարկվել են խորհրդային գրաքննության:

Թբիլիսահայ հայտնի լուսանկարիչ Յուրի Մեչիտովը, ով Փարաջանովին համարում է լուսանկարչության իր առաջին ուսուցիչը, ասում է. «Իրականում նրան ոչ ոք լավ չի ճանաչում. նա աննորմալ մարդ էր և դրանում էր նրա հանճարը»:
Այսպես են Փարաջանովին բնորոշում նաև նրա հարևանները. վերջիններս Փարաջանովի տան մշտական այցելուներն էին, այստեղ ծանոթանում էին նաև աշխարհառչակ այլ դեմքերի հետ:
Փարաջանովի հարևան Զուրան հիշում է, որ իրենց փոքրիկ բակը ռեժիսորը միշտ բեմի էր վերածում. մի օր այստեղ հանդես է եկել նաեւ Վիսոցսկին։

Ի դեպ՝ Ֆրանսիայում մի առիթով ներկայանալիս՝ Փարաջանովն թբիլիսյան իր տան մասին ասել էր. «Ես ապրում եմ Թիֆլիսի իմ հայրական տանը, որի կտուրը անձրևի ժամանակ կաթում է, ու ես ստիպված քնում եմ անձրևանոցով, սակայն երջանիկ եմ, ինչպես Ֆելինիի ֆիլմերում»:

Այսօր Փարաջանովի տունն իհարկե վերանորգված է, սակայն պատկանում է նրա հարևաններից մեկին, ով նրա մահից հետո գնել է այն ռեժիսորի որդուց: Սակայն մահից ավելի քան 20 տարի անց էլ շաբաթվա մեջ մի քանի անգամ Փարաջանովի նախկին տուն այցի են գալիս տարբեր երկրներից, թեև այնտեղ ռեժիսորից գրեթե ոչինչ չի մնացել:
Փարիզի ազդեցիկ «Le Figaro» օրաթերթը Փարաջանովին անվանում էր գերհանճար` համարելով նրան մեր ժամանակի ամենահանճարեղ բեմադրիչը: Բեմադրիչ, որի անունը ընդգրկված է բոլոր ժամանկների 100 լավագույն ռեժիսորների շարքում:

Ցուցադրել ավելի
Back to top button