Մշակույթ

Լեւոն Խեչոյանի վերջին հրաժեշտը՝ Ծաղկաձորի Կեչառիս վանական համալիրում

Հայաստանի գրողների միության անդամ, «Ոսկե եղեգն» գրական պետական մրցանակի դափնեկիր, ժամանակակից հայ արձակի ամենապայծառ դեմքերից մեկի` Լևոն Խեչոյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 10-ին, ժամը 17:00-ից Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, հայտնում են կառավարական հանձնաժողովից։

Մեծ քաղաքացուն և գրողին վերջին հրաժեշտը կտանք հունվարի 11-ին, ժամը 12:00-14:00-ը, Ծաղկաձորի Կեչառիս վանքային համալիրում: Հուղարկավորությունը` նույն օրը, ժամը 14:00-ին, Հրազդան քաղաքի ընտանեկան գերեզմանատանը:

Ավտոբուսները Կեչառիս կմեկնեն հունվար 11-ին, ժամը 11:00-ին, Հայաստանի գրողների միության շենքի մոտից:

Լևոն Խեչոյանը ծնվել է 1955 թվականին Վրաստանի Հանրապետության Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում։ 1983 թվականին ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1987 թվականից ապրում էր ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։

Գրել սկսել է դեռևս դպրոցական տարիներից։ Նրա անդրանիկ ժողովածուն լույս է տեսել 1991 թվականին՝ «Խնկի ծառեր» վերնագրով։ Հետագա տարիներին հրատարակվել են «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» (1995 թ.), «Սև գիրք, ծանր բզեզ» (1999 թ.), «Տան պահապան հրեշտակը» (2002 թ.), «Ձայներ և տեսիլներ» (2006 թ.), «Փուշը, հայր, փուշը» (2011թ.), «Պատմվածքներ և հարցազրույցներ» (2013թ.) և այլ ստեղծագործություններն ու ժողովածուները, որոնք գնահատվել և սիրվել են ինչպես մասնագետների, այնպես էլ ընթերցող լայն հասարակայնության կողմից: 2014 թվականին կհրատարակվի նրա «Մհերի դռան գիրքը» նոր վեպը:

«Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար 1999 թվականին արժանացել է ՀՀ պետական գրական «Ոսկե եղեգն» մեծ մրցանակին, 2005 թվականին «Հողի դողը» պատմվածքների ժողովածուի համար` Հրանտ Մաթևոսյանի անվան, 2006 թ. «Հունվարի 5-ը և 6-ը» գրքի համար` Թեքեյան մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» և այլ մրցանակների: Խեչոյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, անգլերեն, արաբերեն, հունարեն և այլ լեզուներով:

Որպես ազատամարտիկ առաջին իսկ օրից մասնակցել է Արցախյան հերոսամարտին:

Լևոն Խեչոյանը գրողի, քաղաքացու, հայի ազնվագույն տեսակ էր, անմնացորդ` նվիրված գրականությանն ու հայրենիքին: Նա իր գրականությունը ստեղծում էր տքնանքով ու  տառապանքով, իր յուրաքանչյուր բառը քամելով Հայաստանի հողից, հայ մարդու հոգուց, ապավինելով արդարությանը, ճշմարտությանը, լույսին, սիրուն և արժանապատվությանը` այն գիտակցությամբ, որ գրականություն ստեղծելը դափնեպսակի հասնելու ձգտում չէ, և ավելի ազնիվ է ունենալ «քիչ հեղինակություն արժանիորեն, քան թե մեծ փառք՝ առանց իրավունքի…»: Եվ նա իր կյանքով ու ստեղծագործությամբ  իրավացիորեն վաստակեց իր տեղը ինչպես գրականության և մարդկանց սրտերում, այնպես էլ հավերժության մեջ:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button