ԿարևորՔաղաքական

Էկոնոմիկայի նախարարը կարծում է մինչեւ տարեվերջ կանդամակցենք ՄՄ- ին, բայց՝ վստահ չէ

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը  ոչ թե  վստահ է, այլ կարծում է, որ  մինչև տարեվերջ  Հայաստանը  կանդամակցի Մաքսային միությանը, իսկ վստահ չէ, քանի որ «ընդհանրապես նման խնդիրները կախված չեն միայն ՀՀ-ից։ Վստահության մասին չի կարելի խոսել, բայց մենք ունենք աշխատանքային ծրագիր, որով պետք է իրականացնենք քայլերը, որոնք թույլ կտան մեզ անդամակցել»։

Նույնը նաև «ճանապարհային քարտեզի» պատրաստ լինելուն է վերաբերում. երբ այն պատրաստ կլինի, նախարարը հստակ չգիտի, քանի որ այն «պաշտոնական փաստաթուղթ է, որը հաստատված է ոչ թե Հայաստանի, այլ՝ Եվրասիական միության կողմից»: Փաստաթղթի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են:

Այս տարի  էկոնոմիկայի նախարարությունը շարունակելու է նաև անել հնարավոր ամեն ինչ. որպեսզի Հայաստանում բիզնես միջավայրը բարելավվի: Սա ու արտահանման խթանմանն ուղղված քաղաքականության բարելավումը նախարարության այս տարվա գերակայություններից են: Կառավարության անդամներն առաջիկայում կհանդիպեն լրագրողների հետ ու իրենց գերակա խնդիրները կներայացնեն։ Սա  վարչապետի հանձնարարականն է, նպատակը՝ «որպեսզի հանրությունը 2014 թվականին հնարավորություն ունենա վերահսկելու կառավարության գործունեությունը՝ ըստ նախարարությունների և ըստ գերատեսչությունների»,- ասաց նախարար Ավանեսյանը։

Սա այսօրվա միակ հանձնարականը չէր, կուսակիցների հետ նախագծերը քննարկելու, փախադարձ լուծումներ գտնելու հանձնարական ստացավ նաև առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Կոնկրետ նա, քանի որ հենց առողջապահության նախարարը ներկայացրեց ԱԺ ՀՀԿ-ական մի խումբ պատգամավորների ներկայացրած նախագիծը։ Նրանք առաջարկում են զանգվածային էլեկտրոնային միջոցներով թունդ ալկոհոլային խմիչքի և ծխախոտի գովազդի արգելքը փոխարինել մասնակի արգելքով` սահմանելով ալկոհոլի գովազդի ժամեր և դրանով իսկ լրացուցիչ ֆինանսական միջոցներ ապահովել հեռուստաընկերությունների համար:

Առողջապահության նախարարը  մասնագիտական տեսանկյունից բացատրեց բացասական եզրակացության անհրաժեշտությունը՝ նշելով, որ այն «առողջության պահպանման հետ կապված ռիսկեր է պարունակում»:  Պարզվեց՝ Տիգրան Սարգսյանն այլևս  հակված չէ մերժել  ՀՀԿ-ական պատգամավորների առաջարկները. «Ընդհանրապես՝ վատ նախադեպ է, երբ մեր կուսակից գործընկերները հանդես են գալիս օրենսդրական նախաձեռնությամբ և կառավարությունը բացասական կարծիք է տալիս: Եվս մեկ անգամ քննարկենք և փորձենք փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել։ Խոսքը հանրապետական խմբակցության պատգամավորների մասին է»,- ասաց։

Back to top button