Հասարակություն

Աթարով ջեռուցման հատուկ համակարգեր՝ Ղազանչիում

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Տարեմուտը բավականին ցուրտ էր Շիրակի մարզի  Աշոցքի տարածաշրջանի Ղազանչի գյուղում: Ջերմաստիճանի ցուցմունքը հարուցել է համայնքի ղեկավար Սամվել Ղազարյանի զարմանքը։ «Դեկտեմբերի 24- 25- ին առավոտյան ժամը 9- 10- ը ջերմաստիճանը 24-25 աստիճան ցուրտ էր»,- ասում է։

Ղազանչի գյուղը հիմնադրվել է 1857թ. Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի Իրիցու գյուղից գաղթած հայերի կողմից: Ըստ գյուղապետի՝ այսօր հասմայնքում կա 640 բնակիչ: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ, ժամանակին ակունքներից հոսող ջրերի վրա կառուցել են ջրաղացներ: Անցած տարին գյուղի համար անհաջող տարի էր, փաստում է Սամվել Ղազարյանը: «Անցած տարվա համեմատ հորթերի, ցլիկների 50 տոկոսը չի վաճառվել։Գյումրիում կամ Երեւանում մսի գինը ինքնարժեքից ցածր է»։

Գյուղացիների մի մասն այսօր ի վիճակի չէ մշակել սեփական հողատարածքները, սոցիալական խնդիրները այստեղ ավելի սուր են: Ով հնարավորություն ուներ մշակել հողերը, ստացել են աջակցություն սերմնացուի, պարարտանյութի, դիզվառելիքի տեսքով: Սակայն երաշտի պատճառով այստեղ ևս անհաջողություններ արձանագրվեցին:

Գյուղապետը գոհ է գարու և ցորենի բերքից։ Քանի դեռ գյուղը գազիֆիկացված չէ, տները ջեռուցում են՝ աթարով: Այստեղ նույնիսկ ջեռուցման հատուկ համակարգեր են ստեղծել, որոնք թույլ են տալիս տաքացնել տները: Գազի հիմնական գիծը արդեն հասել գյուղ և այս տարի կապույտ վառելիքը կմտնի համայնք:

Ղազանչիում ծրագրում են նաև կառուցել եկեղեցի և հոգևոր մշակութային կենտրոն՝ Հայ կաթողիկե եկեղեցու աջակցությամբ: Գյուղապետը ցավով արձանագրեց, որ անցյալ տարի երիտասարդ ընտանիք ՝ երեք  անչափահասներով արտագաղթել է։ Այս համայնքին եւս բնորոշ է սեզոնային ՝ արտագնա աշխատանքը, ինչը ևս մտահոգիչ է: «Պայմանները եթե այսպես շարունակվեն, կարող է եւ չվերադառնան»,- անհանգստանում է գյուղապետը։

Ցուցադրել ավելի
Back to top button