Հասարակություն

Այգեհովտից մեկնում են արտագնա աշխատանքի՝ ընտանիք վերադառնալու համոզմունքով

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Ամանորը ոչ միայն կենացների, այլ նաև անցած տարվա ամփոփումների շրջան է:  Ինչպես դիմավորեց Նոր տարին  Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղը, առաջին հարցս ուղղեցի Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի համայնքի ղեկավար Լևոն Գրիգորյանին:

Այգեհովիտն ունի 200- ամյա պատմություն: Այն հիմնադրվել է 19-րդ դարասկզբին Ղարաբաղից տեղահանվածների կողմից: Նախկինում կոչվել է Ուզունթալա: Սկզբում այստեղ բնակվելիս է եղել ընդամնեը 64 մարդ, իսկ այսօր շուրջ  3600 հոգի:

1990- ականների սկզբին սահմանամերձ այս գյուղը առաջիններից է իր վրա վերցրել պատերազմի հարվածը և կրել զգալի կորուստներ: Ամբողջությամբ խաթարվել են ենթակառուցվածքները, հրետակոծվել բնակելի և այլ նշանակության կառույցներ: Պատերազմական գործողությունների ժամանակ զոհվել է 6 մարդ, վիրավորվել՝ 29- ը։ Վերջին տարիներին գյուղում պետական բյուջեի և այլ ծրագրերի միջոցով իրականացվել են դպրոցաշինական, ճանապարհաշինական, ջրաշինարարական որոշակի աշխատանքներ։ Այսօր այգեհովիտցին համեմատաբար խաղաղ պայմաններում մշակում է հողը, ստանում է բերք։

Այգեհովիտը, ինչպես և ցանկացած այլ համայնք, ունի իր խնդիրները: Դրանց հաղթահարման ծրագիրը մոտ ժամանակներս պետք է հաստատվի գյուղի նորընտիր ավագանու կողմից, հայտնեց Լևոն Գրիգորյանը: «Առկա խնդիրների լուծումը հնարավոր է պետական և համայնքային բյուջեների համադրման միջոցով, ինչպես նաև միջազգային կառույցների աջակցությամբ: Այս մասով Այգեհովիտում արդեն լուծում են ստացել շատ հարցեր»,- ասում է գյուղապետը։

Գյուղում արտագաղթը հիմնականում կրում է սեզոնային բնույթ: Ըստ գյուղապետի՝ շատերը մեկնում են աշխատելու՝ առանց ընտանիքները տանելու: Ձեռնարկությունների բացակայությամ պարագայում գյուղատնտեսությունը համայնքի զարգացման միակ հնարավորությունն է: Բացի ավանդական դարձած խաղողից և ցորենից՝ այստեղ վերջին տարիներին սկսել են աճեցնել ծխախոտ:

Դեռևս Այգեհովիտում չեն ձևավորվել գյողատնտեսական կոոպերացիաները, այս ուղղությամբ համայնքում արդեն ձեռնարկվում են առաջին քայլերը, հավելեց գյուղապետը։ Կարևորելով կոոպերացիոն բարեփոխումները՝ Լևոն Գրիգորյանը հույս հայտնեց, որ 2014 թվականի Այգեհովիտը կունենա առաջին նման միավորումը:

Ցուցադրել ավելի
Back to top button