ԿարևորՀասարակություն

Մարդու իրավունքները Հայաստանում 2013 թվականին

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Մարդու իրավունքների մասին իրավապաշտպանները լավատեսական նոտաներով չեն խոսում: Հայաստանում Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նկատում է, որ սովորաբար զեկույցներում նույն փաստերի մասին խոսվում է ամեն տարի: Ըստ նրա` հիմնական շեշտադրումը չէր փոխվել նաեւ 2013- ին։ Ավետիք Իշխանյանը ստեղծված իրավիճակը համարում է քաղաքական համակարգի արդյունք։ Ըստ նրա` որքան էլ խոսենք, սակայն, Հայաստանում չկա իշխանությունների տարանջատում եւ դրանով էլ պայմանավորված են խնդիրները:

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը խոսելով իրենց կազմակերպությանն ուղղված դիմումների մասին` արձանագրում է, որ գործերի ընթացքին հետեւելով կարելի է եզրահանգել, որ անցած տարի հետաքննություններն ընթացել են խայտառակ մակարդակով։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի գնահատմամբ` անցած 2013- ը շատ լարված էր լրագրողների համար: Նրա փոխանցմամբ` դա պայմանավորված էր նախագահական եւ Երեւանի ավագանու ընտրություններով:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Մարտին Թադեւոսյանի խոսքով` խորհրդարանի մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովին մարդիկ դիմում են ամենավերջոմ: Անցած տարվա ընթացքում, նրա տեղեկացմամբ,  հանձնաժողովն ստացել էր 178 դիմում: Փորձագետն ասում է, որ իրենք դիմումներն ընդունել են, համարժեք ընթացք տվել, սակայն, ավելին անելու հնարավորություն հանձնաժողովը չի ունեցել: 

Անցած տարվա ընթացքում մարդու իրավունքների ոլորտում ստեղծված իրավիճակի համար պատասխանատվություն են կրում խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերը` բացառությամբ «Ժառանգություն» կուսակցության,- կարծում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

Թե մարդու իրավունքների տեսանկյունից ինչպիսին կլինի նոր մեկնարկած 2014 թվականը` դժվար է կանխատեսել: Մի բան, սակայն, կարելի է վստահաբար ասել` հետեւություններ պետք է կատարեն բոլորը։

Իսկ ինչպիսի հետեւություններ կանեն այս ամենից հայաստանյան քաղաքական ուժերը, հատկապես` խորհրդարանական կուսակցությունները եւ կանե՞ն հետեւություններ, թե՞ ոչ, անշուշտ կկարողանանք գնահատել 12 ամիս անց միայն` ոլորտի իրավիճակն այս տարեվերջին ամփոփելիս:

Ցուցադրել ավելի
Back to top button