ԿարևորՔաղաքական

ԱԳ նախարարը 2014 թվականն սկսեց Պերու պաշտոնական այցով

Հունվարի 6-ին մեկնարկեց արգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Պերու։

Նույն օրը կայացավ Էդվարդ Նալբանդյանի և Պերուի արտգոծնախարար Էդա Ռիվաս Ֆրանչինիի հանդիպումը, որը սկսվեց առանձնազրույցի ձևաչափով, ապա շարունակվեց պատվիրակությունների մասնակցութամբ։

Պերուի արտգործնախարարը ողջունեց 21 տարի առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի ԱԳ նախարարի առաջին այցելությունը Լիմա և ընդգծեց, որ այցը հնարավորություն է ընձեռում քննարկելու և բացահայտելու փոխշահավետ համագործակցության բնագավառները:

Շնորհակալություն հայտնելով այցելության հրավերի և ջերմ ընդունելության համար` նախարար Նալբանդյանն ասաց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից է նոր գործընկերների ձեռքբերումը, տարբեր աշխահրամասերում Հայաստանի բարեկամների թվի ավելացումը և դա իր այցելության հիմնական նպատակն է։

Հանդիպման ընթացքում նախարարներ Նալբանդյանն ու Ռիվասը մտքեր փոխանակեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, ապակենտրոնացված փոխգործակցության խթանման, կրթության, մշակույթի և տուրիզմի բնագավառներում համագործակցության հաստատման նպատակով իրականացվելիք համատեղ քայլերի շուրջ:

Հայաստանի և Պերուի արտգործնախարարները պայմանավորվածություն ձեռք բերեցին Երևանում և Լիմայում համատեղության կարգով դեսպանների հավատարմագրման, պատվո հյուպատոսների նշանակման, իրավա-պայմանագրային դաշտի ձևավորման, ԱԳՆ-երի միջև խորհդատվությունների անցկացման, միջազգային կառույցներում համագործակցության սերտացման, տնտեսական ոլորտի շրջանակային համաձայնագրերի, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ համաձայնագրերի մշակման և առաջիկա բարձր մակարդակի հանդիպման ընթացքումում դրանց ստորագրման վերաբերյալ:

Նախարար Ռիվասն իր հայաստանյան գործընկերոջը ներկայացրեց երկրի զարգացման ուղղությամբ Պերուի իշխանությունների կողմից իրականացվող քայլերը և առաջնահերթությունները, ամերիկյան մայրցամաքում իր երկրի դերակատարությունը, տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներում ներգրավվածությունը, տարածաշրջանում առկա խնդիրների լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը:

Իր հերթին Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման նպատակով Հայաստանի և միջազգային հանրության կողմից իրականացվող քայլերի վերաբերյալ: 

Հանդիպումից հետո Էդա Ռիվասը՝ պաշտոնական ճաշ տվեց Էդվարդ Նալբանդյանի պատվին, որին մասնակցում էին նաև Պերուի արտաքին առևտրի և տուրիզմի նախարար Մագալի Սիլվան, Պերուի խորհրդարանի և ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Լիմայում նախարար Նալբանդյանը  հանդիպեց Պերուի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարտին Բեաունդե Մորեյրային։

Զրուցակիցները քննարկվեցին Հայաստանի և Պերուի հարաբերությունների զարգացման, երկու երկրների օրենսդիր մարմինների՝ Ազգային ժողովի և Կոնգրեսի միջև կապերի և համագործակցության հաստատման, բարեկամության խմբերի ստեղծման հնարավորությունները: Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին միջազգային օրակարգի խնդիրների շուրջ։

Հայաստանի արտգործնախարարը Պերուի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության քայլերը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի սատարման կարևորությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button