ԿարևորՀասարակություն

2014- ը կապույտ փայտե ձիու տարին է, իսկ ձին մուրազ է

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Աշխարհի ազնվացեղ ընտիր ձիերի հայրենիքը, քերթողահայր Մովսես Խորենացու հավաստմամբ, Չորրորդ Հայքի Խորձյան գավառն էր: Ասում են` այստեղից են տարել եւ Ալեքսանդր Մակեդոնացուն նվիրել հռչակավոր Բուկեֆալին։ Այնպես որ՝ մեծ զորավարի ձին եղել է հայկական, իսկ անունը` մակեդոնական, ինչը թարգմանաբար նշանակում է «ցլագլուխ»։ Այս անգամ իր թամբի վրա կապույտ փայտե ձին է կրելու Նոր տարին:

Բոլորիս է հայտնի, որ կան հեծնելու, բեռնելու և լծելու ձիեր: Բայց թերևս քչերը գիտեն, որ աշխարհում հայերենն այն լեզուներից է, որում ձիու հետ կապված բազում բառեր և ասույթներ կան։ Առավել ևս՝ սակավաթիվ մարդիկ գիտեն, որ հայերս ձիերի բազմազան  տարատեսակներ են առանձնացնում ու յուրաքանչյուրին տալիս իր ուրույն անունը:

Իհարկե՝ հնարավոր չէ միանգամից բոլորը մտապահել, բայց, այդուհանդերձ, փորձեմ դրանցից մի քանիսը ներկայացնել: Եվ այսպես՝ ընտիր ձիուն, գիտեք ասում են նժույգ, արու ձիուն` հովատակ կամ մատակ, էգ ձիուն` զամբիկ, որոշ բարբառներում նաև` ճակ, մատյան կամ սարակ, հեծնելու ձիուն երիվար ենք ասում, կառքին լծվածին էլ` վարգաձի, դեռատի, մատղաշ ձիուն` մտրուկ:

Սա դեռ բոլորը չէ: Անուններ ունեն նաև տարբեր գույների ձիերը: Շիկագույն- բոցագույնին գրականության մեջ մեծարում են աշխետ անունով, մոխրագույնին` մողոշիկ, թխակարմիրին` շառատ, սև ու ճերմակավունին ասում են ճանճկեն, սպիտակ-սևախայտ ձին հայտնի է ճարտուկ անունով: Այս բոլորը հիշել հնարավոր չէ, սակայն թվարկեմ նաև մի քանիսը`  կոստնտոտիկ, եզնգավակ, էլի շատ ու շատ անուններ: Էլ չեմ ասում ասպ և քուռակ բառերի մասին: Երամակն էլ համախմբում է այս բոլորին: 

Այս ամենն ուսումնասիրելով` իրոք համոզվում ես` հայերենը հարուստ է ձիանուններով։ Մնում է, որ Նոր տարում ձին հաշվի առնի այս ամենը և խաղաղություն ու բարեկեցություն բերի Հայոց աշխարհին:  Չէ՞ որ, ինչպես ասում, ձին մուրազ է:

Ցուցադրել ավելի
Back to top button