ԿարևորՀասարակություն

ԼՂՀ ԱԺ պատգամավորի դեմ մահափորձի կասկածանքով ձերբակալվածներ կան

Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի դեմ դեկտեմբերի 29-ին իրականացված սպանության փորձի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանականերում ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում ի հայտ է բերվել հանցագործության հետ հնարավոր առնչություն ունեցող անձանց շրջանակը, որոնց պատկանող շինություններում և բնակարաններում օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է որոշակի քանակությամբ զենք-զինամթերք, հայտնում է panorama.am-  ը՝ հղում կատարելով ԼՂՀ գլխավոր դատախազությանը։

Նշված հանցագործությունները կատարելու կասկածանքով ձերբակալվել են Ստեփանակերտ քաղաքի երկու բնակիչներ։ Նախաքննության գաղտնիությունից ելնելով` նրանց տվյալները չեն հրապարակվում:

Ավելի վաղ գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 29-ին, ժամը 21.10-ին, Վիտալի Բալասանյանը բանավոր հաղորդում է տվել, որ իրեն պատկանող ավտոմեքենայից պայթուցիկ սարքի նմանվող մեխանիզմ է ընկել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ դեկտեմբերի 29-ին, ժամը 18.00-ից մինչև 21.00-ն ընկած ժամանակահատվածում Վիտալի Բալասանյանին դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կյանքից զրկելու նպատակով, անհայտ անձն ապօրինաբար պահվող 600 գրամ տրոտիլին համարժեք ինքնաշեն պայթուցիկ սարք է տեղադրել նրա «Նիսան պատֆայնդեր» մակնիշի ավտոմեքենայի վրա, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

Փաստի առթիվ ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ` ԼՂՀ քր. օր-ի 33/103 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի՝ «Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ» եւ ԼՂՀ քր. օր-ի 245-րդ հոդվածի 1-ին մասի «Ապօրինի կերպով զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը» հատկանիշներով։

Ցուցադրել ավելի
Back to top button