ԿարևորՀասարակություն

Իրատեսական միջամտությամբ երեխայի մեջ հեքիաթը մի սպանեք

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոները ենթադրում են ոչ միայն ուրախ շփումներ, կերուխում և նվերներ, այլ՝ նաև սթրես։ Դա պայմանավորված է ժամանակի սղությամբ, փող պակասով ու կարճ ժամանակում շատ նվերներ գնելու անհրաժեշտությամբ։ Ամերիկյան հոգեբաններն ասում են, որ ամանորյա սթրեսի զոհ են դառնում հատկապես կանայք, քանի որ հենց նրանք են իրենց ուսերին կրում Ամանորի ծանր եռուզեռը։

Ամերիկյան գործընկերների տեսակետը կիսում է նաև հայ հոգեբանը։ Միհրդատ Մադաթյանը ևս համոզված է, որ Ամանորի ու Սուրբ Ծննդյան օրերեը տարվա ամենասթրեսային օրերն են ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայսատանում։ Ավելին՝ նա պնդում է, որ մեզանում սթրեսն առավել ընդգծված է, քանի որ ինչպես այլ հարցերում, տոների կազմակերպման առումով էլ չափազանցություններ սիրում ենք։

Այն, ինչ կատարվում է խանութներում ու շուկաներում նախատոնական օրերեին,  խելագարություն է. մարաթոնյան վազք, գնումների հարցում չափի զգացողության լիակատար բացակայություն, անգամ եթե գնումները կատարաում են պարտքով վերցված գումարներով։ Հոգեբանն ասում է, որ այս հարցում էլ հայերս խիստ ինքնատիպ ենք. «պարտքով» նշվող Ամանորը մեզանում արդեն ավանդույթ է դարձել, ինչին չեն խանգարում մեծ ու փոքր, տեղական բնույթի կամ էլ համաշխարահային ճգնաժամերը։

Բայց ասենք, որ տոնական ավանդույթների հարցում դրական միտումներ էլ կան. նախկին պարտադրված ու կամավոր փոխայցելությունների, յոթ օր ու յոթ գիշեր շարունակվող խրախճանքների փոխարեն երիտասարդներն այսօր գերադասում են ընտանիքներով տոնը նշել դրսում, ամենամտերիմների շրջապատում՝ հնարավորության դեպքում, իհարկե, քանի որ թանկ հաճույք է։

Տանը, թե՝ դրսում, ճոխ, թե՝ ավելի համեստ Ամանորը նշում ենք բոլորս՝ անխտիր և ոչ միայն քաղքենիական դրդապատճառներով։ Ամանորը վերջի ու սկզբի այն ջրբաժանն է, որին սպասում ենք բոլորս։ Սա այն պահն է, երբ ամենօրյա վազքի մեջ ընդամենը մեկ ակնթարթ կանգ ենք առնում ու փորձում հասկանալ՝ որքան ենք վազել ու դեպի ուր ենք շարունակելու վազել։

Հոգեբանի ձևակերպմամբ՝ ամանորը մեզ հնարավորություն է տալիս շունչ քաշել, վերաիմաստավորել անցածը, զինվել ապագայի նկատմամբ լավատեսությամբ ու միայն ու միայն դրական ակնկալիքներով։ Ի վերջո՝ ամանորը հույս է, որը մեզ բնականաբար երբեք չի լքում, բայց իր մասին շատ ավելի ակտիվ հիշեցնում է հենց Ամանորի գիշերը։

Մանուկների ամանորյա հեքիաթի գլխավոր հերոսը, իհարկե, Ձմեռ պապն է, իսկ հեքիաթներն ապրում են մեր մեջ այնքան, ինչքան հավատում ենք դրանց։ Իրատեսական միջամտությամբ երեխայի մեջ հեքիաթը մի սպանեք երբեք, Ձմեռ պապի հեքիաթին երեխան հրաժեշտ է տալիս ինքնուրույն՝ երբ ցանկանում է, ասում է հոգեբանը։ Ձմեռ պարպի հեքիաթի կորստի սթրեսը երեխան հաղթահարում է աստիճանաբար, ժամանակի ընթացքում, իսկ ամանորի տոնական սթրեսից դուրս գալու համար մեծերից յուրաքանչյուրն իր միջոցներն է գտնում։

Ամենատարծված և առողջության համար վնասակար ձևերից է ուտելիքի չարաշահումը, մեծ քանակությամբ ալկոհոլի օգտագրոծումը և բազմոցին պառկելը, կամ ինչպես ասում են «դիվանգիտությամբ զբաղվելը»։ Ոմանք սփոփանք են փնտրում ընկերների շրջապատում, կանայք այցելում են գեղեցկության սրահներ, փորձում քայլելեով ազատվել սթրեսից։ Մի մասն էլ պարզապես գնում է աշխատանքի՝ առօրյա կյանքի բնական ընթացքի մեջ փորձելով գտնել հոգու խաղաղությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button