ԿարևորՀասարակություն

Հունվարի 1- ից գործողության մեջ են դրվել կենսաչափական անձնագրերը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հունվարի 1-ից գործողության մեջ են մտել անձնագրային համակարգի փոփոխությունները: Կենսաչափական տվյալներով անձնագրեր եւ նույնականացման քարտեր Հայաստանում գործողության մեջ դրվեցին 2012 թվականի հունիսի 1-ից: Համակարգն արդյունավետ գործել էր եւ կենսաչափական տվյալներով փաստաթղթերի առավելությունն ակներեւ էր, ուստի` որոշում ընդունվեց, որ 2014 թվականի հունվարի 1-ից` փաստաթուղթ ստանալու համար դիմող քաղաքացիներին տրամադրվի կենսաչափական տվյալներ պարունակող նույնականացման քարտ եւ անձնագիր:

Կենսաչափական անձնագրերը հունվարի 1- ից տրամադրվում են 10 տարի ժամանակով: ՀՀ ոստիկանության վիզաների անձնագրային վարչության պետ Նորայր Մուրադխանյանի խոսքով` կենսաչափական անձնագրերն ու նույնականացման քարտերն ավելի վստահելի պաշտպանություն ունեն։ «Աղքատության նպաստ ստացող ընտանիքի անդամներին եւ 16 տարին լրացողներին նույնականացման քարտ տրվում է անվճար»:

Նախկին նմուշի անձնագրերը, մինչեւ իրենց վավերության ժամկետի ավարտը, մնում են գործողության մեջ, տեղեկացրեց ոստիկանության պատասխանատու ներկայացուցիչը: Մինչեւ 16 տարեկանները եւ նախազորակոչային տարիքի անձիք` 16-18 տարեկանները, ովքեր 3 տարով են անձնագիր ստանում, իրենց ցանկությամբ կարող են հին նմուշի անձնագրեր ստանալ, քանի որ նրանց անձնագիր է տրամադրվում կարճ ժամկետով: Ծնողների ցանկությամբ` նրանք կարող են ստանալ նաեւ կենսաչափական անձնագրեր: Կենսաչափական տվյալներով նույնականացման քարտի պետական տուրքը նախատեսված է երեք հազար դրամ, իսկ կենսաչափական անձնագրերը` 25 հազար դրամ։

Նորայր Մուրադխանյանը տեղեկացրեց, որ նույնականացման քարտը կիրառվում է Հայաստանի տարածքում եւ քաղաքացիները կարող են ստանալ միայն նույնականացման քարտ: Արտասահմանյան երկրներ մեկնելիս՝ սակայն, կենսաչափական անձնագրերն անհրաժեշտ են լինելու, եթե հին նմուշի անձնագրերի ժամկետն ավարտվել է։

Ցուցադրել ավելի
Back to top button