ԿարևորՔաղաքական

Հայ հասարակությունը կոռուպցիան ամենահանդուրժողն է

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն ամեն տարի մի ցուցանիշ է հրապարակում, որով  աշխարհի մոտ  180 պետություն գնահատվում ու դասակարգվում է՝ ելնելով կոռուպցիայի ընկալման մակարդակից: Խոսքը կոռուպցիայի ընկալման համաթվի մասին է: 2013-ի արդյունքներով ՝ Հայաստանը 2 միավորով բարելավել էր իր ցուցանիշը. նախորդ տարվա 34-ի փոխարեն այս տարի կոռուպցիայի ընկալման համաթիվը 36 է:  Այս արդյունքով Հայաստանը տարածշրջանում զիջում է Վրաստանին ու Թուրքիային, իսկ Ադրբեջանն ու Իրանը Հայաստանից  առայժմ հետ են մնում:

Տարիների կտրվածքով ՝ Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը դանդաղ, բայց  բարելավում է արձանագրում: Վատագույն ցուցանիշերն ունեցել ենք 2008-2011 թվականներին, իսկ ահա նախորդ երկու տարիների ցուցանիշերը  խոսում են կոռւպցիայի նվազման մասին, բայց՝  ընկալումների մակարդակում:

ԹԻ ներկայացուցիչները կոռուպցիայի ընկալման համաթվի մասին խոսելիս միշտ հորդորում են հիշել, որ խոսքը  ոչ թե կոռուպցիայի ծավալի, այլ ընկալման մասին է, թեև ավելացնում են նաև, որ դրանք մեծ հաշվով համընկնում են:

90-ականների հետ համեմատություններ անելու հնարավորություն չունենք, քանի որ հետազոտություններ այդ ընթացքում չեն  իրականացվել: Կոռուպցիայի ընկալման համաթվի կանոնավոր ուսումնասիրության պատմությունը սկսվում է  2003-ից: Այս ամենով հանդերձ՝ ուղիղ համեմատությունները տեղին չեն, քանի որ կազմակերպությունը վերջին երկու տարիներին հասցրել է փոխել նաև գնահատման մեթոդաբանությունը:

«2012-ից փոխվեց մեթոդաբանությունն ու սանդղակը.  մինչև 2012-ը գործում էր 0-ից 10 սանդղակը, 2012-ից ուժի մեջ 0-ից 100-ը: 0 համաթիվը նշանակում է, որ երկիրը բացարձակ կոռումպացված է, իսկ 100 համաթիվը՝ բացարձակ մաքուր: Այդուհանդերձ, 2003-2007թթ. մեր համաթիվը եղել է 3, 2010-11-ին անկում է ապրել՝ հասնելով 2.6-ի: Այժմ 36 է, բայց 100 բալանի սանդղակով»,- ասում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը։

Մարդկանց ընկալման մեջ ամենակոռումպացված ոլորտները 2013-ի արդյունքներով եղել են դատական համակարգը, հանրային ծառայության ոլորտը և առողջապահությունը: Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի  տվյալները մի ուշագրով միտում էլ են արձանագրում: Պարզվում է հայաստանյան հասարակությունն աշխարհում կոռուպցիան ամենահադուրժողներից մեկն է:

Պատրա՞ստ եք պայքարել կոռուպցիայի դեմ հարցին տրված պատասխաններով՝ Հայաստանի ցուցանիշը 107 երկրների մեջ վերջինն է:  Հայաստանը նաև միակ երկիրն է, որտեղ հասարակության կեսից պակասն է պատրաստակամություն հայտնել կոռուպցիայի դեմ այս կամ այն կերպ պայքարելու: «Սա ուղղակի ցնցող էր: Մենք գիտեինք, որ հասարակությունը Հայաստանում առանձնապես չի ձգտում պայքարել կոռուպցիայի դեմ, բայց որ 107 երկրների շարքում վերջինն է լինելու, սա մեզ համար տխուր  բացահայտում էր»:

Մյուս տխուր բացահայտումը կոռուպցիայի մասին հաղորդում տալու պատրաստակամությանն է վերաբերում: Կոռուպցիոն դեպքի մասին կհաղորդեիք համապատասխան կառույցներին կամ խնդրով զբաղվող  հասարակական կազմակերպություններին հարցին ՝  Հայաստանում հարցվածների մոտ 70 տոկոսը բացասական պատասխան է տվել: Գրեթե նույնքանն էլ տեսակետ է հայտնել, որ ինքն անձամբ ոչինչ չի կարող փոխել կոռուպցիայի դեմ պայքարի գործում:

Թե ինչու է այդպես, Վարուժան Հոկտանյանը դժվարանում է պատասխանել: Կոնկրետ ուսումնասիրություն, թե որոնք են այդ հանդուրժողականության պատճառներն, ասում է, չկան: Բացատրություններ գտնելու բոլոր տարբերակները սիրողական հարթությունում են, իսկ այդ դաշտում վարկածների պակաս թերևս չկա. մեթալիտետից, հարմարվողականությոինց  մինչև ազգային յուրահատկություն քննարկելի են:

Ցուցադրել ավելի
Back to top button