ԿարևորՀասարակություն

Իմ հայկական տոհմածառը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Յուրաքանչյուրիս հետաքրքրում է իր ընտանիքի պատմությունը, ովքեր են եղել մեր նախնիները, ինչով են զբաղվել: Շատերը սկսում են կազմել իրենց տոհմածառը: Վերջերս ես որոշեցի կազմել մեր ընտանիքի տոհմածառը: Հարցուփորձ անելով հարազատներիս ու բարեկամներիս՝ ինձ հաջողվեց «հասնել» մինչև պապուս պապի հայրը, որի անունը և սկիզբ է դրել մեր ազգանվանը: Այսպիսով՝ կարողացա հասնել մինչև 19-րդ դարի առաջին կեսը:

Ընդհանուր առմամբ՝ մեր տոհմածառում ես հավաքեցի 95 մարդ:   Իսկ ահա համացանցում գործող «Համահայկական տոհմածառ» նախագծի շրջանակներում ականատես եղա 1400- ից սկիզբ առնող տոհմածառին, որտեղ կա ավելի քան 1700 անձ:

Նախագծի համահիմնադիր Լիլիթ Մակարյանն ասում է, որ կայքում կա մոտ 30 հազար գրանցված տոհմածառ: Հետաքրքրական է, որ դրանց թվում են և օտարերկրյա ու այլազգի մարդկանց տոհմածառերը:

Տոհմածառի միջոցով հնարավոր է լինում գտնել հեռավոր բարեկամների և բացահայտել նոր էջեր ընտանիքի պատմությունից: Վերջերս նախագիծը մրցույթ էր հայտարարել, ըստ որի՝ պետք է որոշվեին ամենամեծ և ամենահին հայկական տոհմածառերը։ Ամենամեծը ճանաչվել էր Չիլինգարյաններ- Մամիկոնյանների տոհմածառը՝ 1600- ից ավեի անունով, իսկ տոհմածառի ավագը թնվել էր 1650 թ., ամենահին տոհմածառն էլ Աթարբեկյանների ընտանիքն էր, որի մասին առաջին վկայությունը 615 թվականից է։

«Համահայկական տոհմածառ» նախագիծն արդեն իսկ ստացել է միջազգային ճանաչում, ինչով էլ պայմանավորված է օտարազգի տոհմածառերի ներկայությունը կայքում: Ընդհանրապես՝ նախագծի շրջանակներում իրականացվում են մասնագիտացված տոհմաբանական և ծագումնաբանական հետազոտություններ, որոնք իրենցից ներկայացնում են հետազոտվող տոհﬕն վերաբերվող հավաստի տվյալների հայտնաբերում, ուսումնասիրություն, փորձաքննություն:

«Համահայկական տոհմածառ» նախագիծը նպատակ ունի հիշեցնել մեզ մեր սեփական ընտանիքների պատմության կարևորությունը, և տրամադրել միջոցներ այն բացահայտելու և ժառանգներին փոխանցելու համար։

Ցուցադրել ավելի
Back to top button