Հասարակություն

Երնջատափի Ամանորի ոչամանորյա հոգսերը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Գյուղական համայնքներում Ամանորի այս օրերին տոնական տրամադրության հետ մեկտեղ ամփոփում են անցյալ տարվա արված և չարված գործերը, ծրագրում են մեկնարկած տարվա անելիքները: Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղի համայնքի ղեկավար գյուղապետ Հրաչյա Սահրադյանի հետ չեինք կարող չսկսել այս տոնական օրերին բնորոշ Ամանորյա բարեմաղթանքներից:

Երնջատափը գտնվում է Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում: Այս տարի համայնքը կդառնա 185 տարեկան: Այն հիմնադրվել է 1828-1829 թթ. Արեւմտյան Հայաստանից եկած գաղթականների կողմից եւ ունեցել է Գարապուլագ, Երինճատափ, Ղարաբուլաղ անվանումները։ Երնջատափ է վերանվանվել 1946 թ-ին:

1988 թվականի գարնանն այստեղ ապաստան գտան բազմաթիվ փախստականներ Սումգայիթից: Այն ժամանակ նորակառույց բազմաբնակարան շենքերը տրամադրվեցին կոտորածներից փրկված մեր հայրենակիցներին: Անցյալ տարի այդ շենքերում խիստ վերանորոգման կարիք կար, ինչը արվեց համայնքի բնակիչների միացյալ ջանքերով:Այսօր վերանորոգման իր հերթին է սպասում տեղի փոստի շենքը: 

Մարզպետարանի աջակցությամբ տեխնիկա է ձեռք բերվել ցրտաշունչ ձմռան ամիսներին ավտոճանապարհը բաց պահելու համար: Երնջատափցիների համար մտահոգիչ է Հարթավան-Բուժական համայնքները միացնող ավտոմայրուղու 4,7  կմ հատվածի վթարային իրավիճակը: Այն միացնում է Կոտայքի և Արագածոտնի մարզերը և անցնում է Երնջատափի միջով:

Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահողեր, խոտհարքեր: Լեռնային այս գյուղում անցյալ տարի չնայած առկա դժվարությունների որոշակի գյուղատնտեսական  աշխատանքներ արվել են, փաստում է մեր զրուցակիցը։

Գյուղում արտագաղթը կրում է սեզոնային բնույթ, և Ամանորի նախօրեին մեկնածներից շատերը վերադարձել են տոները իրենց ընտանիքների և համագյուղացիների հետ անցկացնելու համար: Գյուղում լուծված են  ոռոգման, շուրջօրյա ջրամատակարարման և գազամատակարարման հարցերը: Այնուամենայնիվ՝ հարակից անտառների հատման խնդիր առկա է, հայտնեց Հրաչյա Սահրադյանը:

Խորհրդային տարիներին գյուղում գործարան կառուցվեց, սակայն վերջին 20 տարիներին այն չի շահագործվում սեփականատիրոջ կողմից: Հակառակ դեպքում՝ այն կարող էր աշխատատեղերով ապահովել և հարակից գյուղերի բնակիչներին և արտագաղթ չէր լինի: Գյուղն այսօր ներդրումների կարիք ունի և եղած ներուժն ու ենթակառուցվածքը  պահպանելու տեսանկյունից, և աշխատատեղեր ստեղծելու համար։

Ցուցադրել ավելի
Back to top button