Քաղաքական

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ամանորյա շնորհավորանքը

Սիրելի հայրենակիցներ,

մոտենում է ավարտին 2013 թվականը և մենք ձեզ հետ պատրաստվում ենք դիմավորել 2014 թվականը: Այսօր կառավարության անդամները գտնվում են զորամասերում, որպեսզի շնորհավորեն մեր զինվորների Նոր տարին և Սուրբ Ծնունդը: 2013 թվականին Գերագույն գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ մենք ջանք չենք խնայել ամրապնդելու մեր բանակի մարտունակությունը և բարձրացնելու մեր զինվորների պրոֆեսիոնալ պատրաստվածության աստիճանը:

Չկա որևէ խնդիր, որ մենք չկարողանանք լուծել համատեղ ջանքերով, ուղղակի հարկավոր է հավատալ: Առաջին հերթին ցանկանում եմ նշել, որ մենք ունենք ապահով և անվտանգ Հայաստան՝ շնորհիվ մեր զինվորների, մյուս կողմից՝ մենք քաջ գիտակցում ենք, որ հենց նրանք են ստեղծում հուսալի երաշխիք մեր պայծառ ապագայի համար:

2013 թվականը մեզ համար դժվարին տարի էր, ունեցանք հաջողություններ` արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում, ունեցանք նաև բացթողումներ: Օրինակ՝ շինարարությունում աճի տեմպերն ամենևին մեզ չեն բավարարում: Միևնույն ժամանակ, ցանկանում եմ նշել, որ հաջողության հասնելու համար մեզ փոքրինչ պակասում է վստահությունը, փոխադարձ հարգանքը: Ցանկանում եմ, որ այսօր՝ Նոր տարվա նախաշեմին, ամփոփելով անցնող տարվա արդյունքները, լցվենք լավատեսությամբ, որովհետև այն մեզ հաղորդում է նոր լիցք՝ հաղթահարելու մարտահրավերները և նոր դժվարությունները:

Ցանկանում եմ ձեզ խաղաղություն, համերաշխություն, սեր ձեր ընտանիքներում: Աստված մեզ պահապան:

Ցուցադրել ավելի
Back to top button