ԿարևորՀասարակություն

Հայաստանի կրթական բարեփոխումներն ընթանում են ճիշտ ուղղությամբ, հայտարարում է ԿԳ նախարարը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Անկախությունից ի վեր կրթության համար եւ ոչ մի տարի հեշտ չի եղել եւ բացառություն չէր նաեւ 2013-ը: Ամփոփելով ընթացիկ տարին` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը առանձնացնում է հինգ կարևորագույն ձեռքբերումներ: Նախ՝ ընթացիկ տարվա ընթացքում մշակվել և կյանքի է կոչվել ուսանողների սոցիալական պաշտպանության նոր ծրագիրը, որն ուսանողներին հնարավորություն կտա պետությունից ստանալ հավելյալ աջակցություն:

Երկրորդ կարևոր ձեռքբերումը, ըստ նախարարի, կրթության համակարգի միջազգայնացումն է: Ձեռքբերումներից Աշոտյանն առանձացրեց նաև բուհական ենթակառուցվածքների արդիականացումն ու զարգացումը:

Հայաստանը, լինելով Բոլոնիայի քարտուղարարության ղեկավարությունը ստանձնած երկիր, կարողացել է իր վրա դրված բոլոր պարտավորությունները փայլուն իրականացնել: Սա էլ 2013 թվականի 5-րդ կարևոր ձեռբերումն է:

Անդրադառնալով հանրակրթության ոլորտում իրականացված ձեռքբերումներին՝ Արմեն Աշոտյանը նշեց, որ 2013 թվականին առաջին անգամ հաստատվել և կյանքի է կոչվել դպրոցների վարկանիշային համակարգը, որի արդյունքները կներկայացվեն հաջորդ տարի: Բացի այդ՝ այս տարի ավարտվել է «Շախմատ» առարկայի ներդրման ծրագիրը. շախմատի դասընթացներ են անցկացվում նաև չորրորդ դասարաններում:

Խոսելով գիտության ոլորտի ձեռքբերումների մասին` Արմեն Աշոտյանը նշեց, որ այս տարի ընտրվել են Հայաստանի 100 լավագույն գիտնականները, ովքեր ամսական 135000 դրամ հավելավճար կստանան: Նախարարի խոսքով`  խստացվել է ատենախոսությունների պաշտպանությունը և գիտական աստիճանների շնորհումը: Ինչ վերաբերում է ոլորտի ձախողումներին, նախարարը ընդգծեց, որ ամենամեծ խնդիրը իրականացվող բարեփոխումների դանդաղ տեմպն ու խորությունն է:

Այդուհանդերձ՝ Արմեն Աշոտյանը վստահ է, որ չնայած բոլոր խնդիրներին ու մարտահրավերներին`  Հայաստանի կրթական բարեփոխումներն ընթանում են ճիշտ ուղղությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button