ԿարևորՔաղաքական

ԱԺ- ն դարձել է հարցերի քննարկման ամբիոն. խորհրդարանական ուժերը համաձայն են այս կարծիքին

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

ԱԺ իշխանական և ոչ իշխանական ուժերը խորհրդարանի աշնանային նստաշրջանի աշխատանքը գնահատում են ճիշտ նույն դիրքերից ու շեշտադրումներով, որոնցով տարվա ընթացքում ընթացել են օրենսդրական քննարկումները. իշխանական ուժերը արդյունքից գոհ են, ոչ իշխանակականները՝ ոչ այնքան: 

Հանրապետական Հովհաննես Սահակյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում քննարկումներից որևէ մեկը չառանձնացնելով տարին խորհրդարանի համար ընդհանուր առմամբ հագեցած գնահատեց:«Օրենսդրական լայն ծավալով աշխատանք է տարվել, եղել են տարբեր նախագծեր, որոնք շատ ակտիվ քննարկվել  են, եղել են փոփոխություններ, որոնք համեմատության մեջ այնքան էլ մեծ հետաքրքրություն չեն առաջացրել: Ընդհանուր առմամբ ՝ տարին լեցուն էր»:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամայանն այս գումարման խորհրդարանի գործունեություն մեկնարկից շեշտում է օրենսդիր մարմնի դերի բարձրացման կարևորությունը: Հանրապետական պատգամավորից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է գնահատում տարին դերակատրման բարձրացման տեսանկլյունից: «Խորհրդարանը կարևոր առաքելություն ունի, որը  կայանում է նրանում, որ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը կարողանան իրենց դիրքորոշումը, տեսակետը, անհամաձայնությունը ներկայացնել: Սա մենք կարողացել ենք ապահովել»:

Որ այդ առաքելությունն ապահովվել է, չի ժխտում նաև Ազգային ժողովի ոչ իշխանական հատվածը: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը սա այս գումարման խորհրդարանի և հատկապես վերջին նստաշրջանի աշախատանքի ամենամեծ ձեռքբերումը համարեց: Խորհրադարանն այլևս ճահճացած ու միատարր չէ, ասաց՝ նշելով, որ այս արձանագրումն անում է, թե որպես նախորդ գումարման խորհրդարանի պատգամավոր, թե որպես խորհրդարանի գործունեությունը երկար տարիներ լուսաբանած լրագրող։ «Այս խորհրդարանն իրապես փորձում է դառնալ բազմակարծության այն ամբիոնը, որը պետք է լիներ: Այլ հարց, որ այդ բազմակարծությունը  որպես արդյունք, քվեարկության փուլում որևէ կերպ չի արտացոլվում, բայց փաստ է, որ այս խորհրադարանն այլևս ճահճացած մարմին չէ, ինչպես բազմաթիվ նախորդ խորհրդարանները»։

ՀՅԴ- ից Արծվիկ Մինասյանի գնահատմամբ ՝ օրենսդարական աշխատանքը թե դրական, թե բացասական արդյունքներ ունի: Գերակշռողը, ըստ նրա, երկրորդն է: Բնակչության կենսամակարդակի ոչ բավարար աճը, աղքատության ցուցանիշի չնչին բարելավումը,  ըստ նրա, արդյունք է օրենսդրական ոչ արդյունավետ քայլերի։ Ինչ վերաբերում է  քաղաքական ուժերի փոխհարաբերություններին. «Կարծում եմ, դրական ձեռքբերումներից մեկը մեկ հարցում քաղաքական 4 ուժերի համագործակցությունն ու միասնական  դիրքորոշումն էր: Խոսքը կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի գործարկման հետաձգման մասին է: Մենք կարողացանք հասարակության բողոքող հատվածի, քաղաքացիական հասարակության ձայնը հասցնել խորհրդարան: Ճիշտ է՝ մեծամասնության կողմից մենք աջակցություն չունեցանք, բայց ցույց տվեցինք, որ կարող ենք մեծամասնության քննարկում պարտադրել, որն իր սրտով չէ»:

Ոչ ընդդիմության, ոչ իշխանության ճամբարից անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ամենակարևոր քննարկումների եռյակում երկրի արտաքին քաղաքական կուրսի փոփոխություններին վերևաբերող քննարկումներն է դնում:

Էդմոն Մարուքյանը  թոփ- քննարկումների երկրորդ տեղում կենսաթոշակային բարեփոխումների շուրջ ծավալված բանավեճն է դնում: Իսկ դիտարկմանը, թե ֆորմալ առումով այդ քննարկումը որևէ բան չփոխեց, որպես փաստաբան է պատասխանում: «Խնդիրը ելքում չի: Որպես փաստաբան կարող եմ ասել. երբ դատական գործընթաց ես սկսում՝ իմանալով, որ պարտվելու ես, միևնույնն է աշխատում ես և  լուրջ փոփոխությունների ես հասնում: Սա այդ պրոցեսն է։ ԱԺ ուժերը չհասան նրան, որ հարցը նիստերի դահլիճում լուծվի, բայց որ այն դարձավ ամենաքննարկվողը, որ հասավ ՍԴ, սա հենց խորհրդարանի աշխատանքի արդյունքն է»։

Ցուցադրել ավելի
Back to top button