Հասարակություն

Ամանորի ավանդական ու ներկա սեղաններն իրարից էապես տարբերվում են

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Ամանորյա տոնական սեղանները տարեց տարի հեռանում են մեր ավանդականից, ու դա պատահակն չէ:  Մեր այժմ հնարավորություն ունենք հաճախակի համտեսելու նաև այլազգիների ազգային ուտեստները,  ուստի դրանք կամաց-կամաց հայտնվում են հայկական օջախներում, և այսօր նաեւ ծովային կենդանիները, բազմատեսակ անհայտ մրգերն ու խմորեղենները, այս տարի նաև կոկորդիլոսը  դառնում են հայկական հյուրասիրության բաղկացուցիչ մասը:

Մեր նախնիներն ունեցել են 3 ամանոր, որի ժամանակ սեղանները զարդարել են մառանի ուտեստներով, ասում է «Հայ  խոհարարական ավանդույթների պահպանում և զարգացում» հկ նախագահ  Սեդրակ Մամուլյանը։ Մարտի 21-ին  նշված Նավասարդը, Մամուլյանի ձևակերպմամբ, ամենաբնական  Նոր տարին է եղել: «Ամենակարևոր ուտեստները դրանք քաշիկան են։ Սա հարիսայի տարատեսակ է։ Նույն բաղադրությունն է, միայն տարբեր է պատրաստման եղանակը: Նույն միսն ու ձավարն է, սակայն առանց հարվելու է պատրաստվում, որպեսզի գալիք տարին խառնակ և պատերազմներ չլինեն»։

Այս կերակուրը պահպանվել է Ջավախքում, Շիրակի  և Սյունիքի մարզերում: Ըստ խոհարարի` սեղանները պետք է զարդարված լինեն իմաստավորված ուտեստներով: Օրինակ՝ հնում սովորություն կար Ամանորին սեղանները զարդարել նաև տարեհացով, որի մեջ տեղադրվում էր մետաղադրամ: Հացը  բաժանում էին տան անդամների քանակով, և ում ընկներ մետաղադրամը,  նրա համար էլ տարին կլիներ հաջողություններով լի: Սակայն սեղաններն ունեցել են նաև հետաքրքիր ձևավորումներ:

Եթե նախկինում նախապատրաստական աշխատանքները արարողակարգերով էին ուղեկցվում, ապա հիմա սեղանները զարդարվում են «ծուլաբար»՝ ինչպես արագ կստացվի: Մամուլյանի խոսքով` ձևն առաջ է անցել բովանդակությունից: Այժմ  սեղաններ կան զարդարվում են նայելու համար, ճաշակելիք գրեթե ոչինչ չկա: Գերմանական ծագում ունեցող խոզի ազդրը, որն Ամանորին գրեթե բոլոր հայկական սեղաններից անպակաս է, այսօր հարմար է տանտիրուհիների համար:

Այնինչ հնում սեղաններին դրվել  է ամիջ` ձավարով, թթու պտուղներով լցոնված հնդկահավ կամ  թռչնամիս: Իսկ աղցաններին անդրադառնալով` նշեց, որ դրանք նախատեսված են համտեսելու և քաղց զգալու համար։

Խոհարարը խորհուրդ է տալիս աղցանները չհամեմել  մայոնեզով, կարելի է բավարարվել մեկ- երկու տեսակի աղցաններով, այն էլ պատրաստված վայրի ուտելի բույսերից` համեմված ձեթով, կիտրոնի հյութով, մրգային պաստեղով:

Ցուցադրել ավելի
Back to top button