ԿարևորՀասարակություն

2014- ը կլինի առողջ ապրելակերպի տարի

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

2014 թվականը առողջապահության նախարարությունը հռչակել է  առողջ ապրելակերպի տարի: Ծրագրի մեկնարկը օրեր առաջ նախարար Դերենիկ  Դումանյանը տվել է Աղվերանում:  Ծրագիրը մշակվել է` հիմք ընդունելով նախագահի նախընտրական ծրագիրը: Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանի խոսքով՝ իրենց նպատակն է կրթական ծրագրերի և օրենսդրական  նախաձեռնությունների միջոցով  հասարակության շրջանում առողջ ապրելակերպով ապրելու մշակույթ ձևավորելը:

2014 թվականից առողջապահության նախարարությունը կիրականացնի առողջ սնուցման ծրագիրը, որի վերաբերյալ նախարարությունը օրենսդրական երկու նախաձեռնություն է մշակել և ներկայացրել  օրենսդիրին:   

ԱԺ-ում երրորդ ընթերցմամբ ընդունվել է երեխային կրծքով սնուցմանը խրախուսելու  օրենքը։ Ցորենն ու ալյուրն էլ վիտամիններով հարստացնելու  օրինագիծն էլ,  ըստ առողջապահության նախարարություն աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանի մինչև տարեվերջ հավանաբար կքննարկվի կառավարության կողմից:

Ալկոհոլի չարաշահման, ծխախոտամոլության դեմ պայքարի օրինագծերը նույնպես մշակված են։ Սուրեն Քրմոյանը նշեց, որ հաջորդ տարվանից նախատեսվում է արգելել ծխախոտի գովազդը: Առողջապահության նախարարի հանձնարարականով հաջորդ տարվանից  կմեկնարկի հասարակական վայրերում ծխելն արգելելու ծրագիրը: «Մենք ունենք բավականաչափ լավ օրենք, այդուհանդերձ՝ օրենքի կիրառման հետ կապված խնդիր կա։ Մասնավորապես՝ մեր մոտ հասարակական վայրերում շատ են ծխում, մեր մոտ երեխաները և ծխողի ընտանիքի անդամները  պաշտպանված չեն երկրորդային ծխի ազդեցությունից»,- ասում է։

Աշխատակազմի ղեկավարի հավաստմամբ` պայքար կծավալվի ալկոհոլի օգտագործման չարաշահման դեմ, կիրականացվեն կանխարգելիչ միջոցառումներ: Իսկ ֆիզիկական ակտիվությունը, որի պակասը նկատվում է մեր հասարակության շրջանում,  բերում է բազմաթիվ հիվանդությունների:  Նախարարության կողմից կմշակվեն ծրագրեր  մարդկանց ֆիզիկական ակտիվությունը բարձրացնելու ուղղությամբ, ինչի արդյունքում կնվազի  ոլորտին բնորոշ հիվանդությունների քանակը: Ծրագրերի իրականացման համար առողջապահության նախարարությունը համագործակցում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և մի շարք միջազգային կառույցների հետ: 

Ցուցադրել ավելի
Back to top button