ԿարևորՀասարակություն

Հունվարի մեկից կենսաթոշակը կբարձրանա 15 տոկոսով. կառավարության այս տարվա վերջին նիստը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կառավարությունն այսօր այս տարվա վերջին նիստն է անցկացրել: Գործադիրում որոշել են խթանել փոքր ու միջին ջերմոցային տնտեսությունների զարգացումը, հերթական նախագիծն են հաստատել ավիաոլորտի ազատականացման վերաբերյալ: «Հաջորդ տարի լրջագույն փոփոխությունների տարի է լինելու ավիափոխադրումների ոլորտում, մի քանի խոշոր ավիաընկերություններ չվերթներ են կազմակերպելու»,- հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Գործադիրում այսօր նաև որոշել են` հաջորդ տարվա հունվարի մեկից ԱՊՊԱ կտրոններն ավտոմեքենաների  դիմապակներին այլևս պարտադիր չէ փակցնել։ Սահմանվել են նաև հաջորդ տարվա կենսաթոշակի ու նպաստի  չափերը: Վարչապետն անդրադարձել է նաև «Զվարթնոցի» հին ուղևորային համալիրի քանդման խնդրին: Կառավարութան   այս տարվա վերջին նիստն էլ է ուղեկցվել  բողոքի ակցիաներով: Ամանորի նախաշեմին գործադիր մարմնի շենքի առջև են հավաքվել «Տոնուս» ընկերության կողմից խաբված բնակիչները:

2014 թ. հունվարի 1- ից միջին աշխատանքային կենսաթոշակը  Հայաստանում ներկայիս  31 հազար դրամի փոխարեն կկազմի   36 հազար դրամ` ավելանալով շուրջ 15  տոկոսով: Մինչև տասը աշխատանքային տարվա  յուրաքանչյուր տարին հաշվարկվելու է 700 դրամ, դրանից հետո՝ յուրաքանչյուր տարին`450 դրամ:  

Կառավարությունն այսօր 2013-ի վերջին նիստն անցկացրեց: Այն առանձնացավ օրակարգում ընդգրկված հարցերի բազամազանությամբ ու առատությամբ: Ավիաոլորտի ազատականացմանն ուղղված քայլերը շարունակվում են: Ազատ երկնքին վերաբերյալ առաջին պայմանագիրը երկու օր առաջ է ստորագրվել Մոսկվայում: Արդյունքում՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարմամբ՝ «2014 թ այս առումով լինելու է լրջագույն փոփոխությունների տարի ավիափոխադրումների ոլորտում: Նոր ընկերություններ են հայտնվելու, գներն են նվազելու։ Այդպիսի մի քանի հայտարարություններ մենք լսեցինք, խոշորագույն ավիաընկերություններ 2014-ին չվերթներ են կազմակերպելու։ Բնականաբար՝ գները կնվազեն ու սպասարկման որակը կբարձրանա»։

Կառավարությունը  հավանության արժանացրեց ՀՀ գյուղացիական տնտեսություններում ջերմոցային տնտեսության խթանման հայեցակարգը: Նախագծով՝ մինչև հազար քառակուսի մետր տարածքում ջերմոցային տնտեսություն կառուցելու համար  պարզեցված կանոնակարգ է գործելու: Տնտեսությունները  նաև հնարավորություն կունենան մատչելի պայմաններով վարկեր ստանալ: «Հույս ունենք, որ որոշումը կխթանի փոքր ու միջին ջերմոցային տնտեսությունների կառուցմանը»,- նշեց վարչապետը:

Հերթական՝ «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների կողմից ներկայացված 2013-2017 թթ մաստեր պլանը հաստատելու մասին նախագիծն էլ առիթ դարձավ, որ կառավարության ղեկավարն անդրադառնա վերջին շրջանում բուռն քննարկումների առիթ դարձած «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի խնդրին: Նախ՝ նախագծի մասին՝ շուրջ 102 մլն դոլարի ներդրում է  նախատեսվում, «կոնցենսիոների շնորհիվ «Զվարթնոց» օդանավակայանը դարձել է  ԱՊՀ-ում լավագույն օդանավակայանը»,- ասաց Տիգրան Սարգսյանը։ Միևնույն ժամանակ, պետք է արձագրենք, որ այս պահի դրությամբ առկա է մեկ խնդիր, որի շուրջ բուռն քննարկումներ են ծավալվում: Խոսքը կլոր մասնաշենքի քանդման մասին է»։

Կառավարության ղեկավարն ընդգծում է՝ «կլոր մասնաշենքը ֆիզիկապես քայքայված է և մասնագետների հաշվակներով պահանջում է 15-20 մլն դոլարի նեդրում։ Միաժամանակ՝ վարչապետը կոնսեցիոներին առաջարկում է քննարկումներ ծավալել՝ խնդրին այլ լուծում գտնելու նպատակով և ամենակարևորը՝ այնպիսի լուծում, որ պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձանները պահպանվեն: 

Տիգրան Սարգսյանը այլ լուծումներից մեկն անձամբ է առաջարկում։ «Օդանավակայանի տարածքում այնպիսի ճարտարապետական լուծումով այգի կառուցել, որտեղ մեր ճարտարապետական հուշարձանները տեղակայվել և ժամանակին մեր քաղաքի դեմքը հանդիսացող ճարտարապետական կոթողները կարող են այդ այգում տեղակայվել»։

Բրյուսելում «Մինի Եվրոպա թաղամաս կա, որը զբոսաշրջության համար մեծ գրավչություն է ներկայացնում»,- ասաց վարչապետն ու  կառավարությանն առընթեր քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսեսյանին առաջարկեց կառավարության խնդրանքը փոխանցել կոնցեսիոներին ու հանձնարարեց  քննարկումներ նախաձեռնել, որպեսզի այդ վիճահարույց կետը նույնպես լուծում ստանա:

Լրագրողների խնդրանքով՝ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը 2013- ի ձեռքբերումներին անդրադարձավ։ «Կարող եմ ասել, որ ձեռքբերումներից մեկը արտաքին տնտեսական քաղաքականության մեջ երկու ուղղությամբ հաջողություններն են. մեկը վերաբերում է նրան, որ մենք ՄՄ-ի հետ երկու օր առաջ ստորագրեցինք «ճանապարահային քարտեզ», երկրորդն այն է, որ Եվրոպական Միության երկրների հետ արդեն ունենք հաստատված GCP+ համակարգի շարունակությունը 2014-2017թթ։ Սա  մեր արտահանման համար բավականին լավ հեռանկար է բացում»։

Անցնող տարում ձախողումներ նույնպես եղան։ Դրանցից մեկը, նախարարի դիտարկմամբ, օտարերկյա  ներդրումների ծավալի նվազումն էր: Նախարարը կոնկրետ «ձախողում»  բառով չբնութագրեց այն, որ  կառավարությունը  նախապես հայտարարած  5-7 տոկոս միջին տնտեսական աճ չի ապահովելու: «Դա հաջողություն  չի կարելի համարել,- ասաց ու միաժամանակ հավելեց,- բայց ես ձեզ ասեմ, տարածաշրջանում ՀՀ տնտեսական աճը ամենայն հավանականությամբ էլի կլինի ամենաբարձրը»։

Նիստի վերջում Տիգրան Սարգսյանը դիմելով կառավարության անդամներին՝ շնորհավորեց նրանց ու հաջողություններ մաղթեց 2014 թվականին։

Կառավարութան այս տարվա վերջին նիստն էլ  է ուղեկցվեց   բողոքի ակցիաներով: Ամանորի նախաշեմին գործադիր մարմնի շենքի առջև էին  հավաքվել«Տոնուս» ընկերության կողմից խաբված բնակիչները: Նրանք կառավարությունից իրենց բնակարանները կամ հարցի վերջնական լուծում   էին պահանջում։

Ցուցադրել ավելի
Back to top button