ԿարևորՎերլուծական

Արեւելագետը Իրանում եւ Սիրիայում դրական զարգացումներ է նկատում

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն անցնող տարում երկու դրական միտում արձանագրեց: Նախ՝ Սիրիայի հետ կապված: Եթե դեռ մեկ տարի առաջ թվում էր, թե Սիրիայում այլեւս հնարավոր չէ, որ վերադառնա, շատ թե քիչ նորմալ հունի մեջ, ապա հիմա նոր միտում է նկատելի.  «Ռազմական գործողությունների վտանգը Սիրիայի վրա, կարծես թե, թուլացել է»,- ասում է։

Նաեւ լուծում է ստանում Սիրիայում քիմիական զենքի խնդիրը։ Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի` կարելի է նաեւ արձանագրել` ծայրահեղականներին դրսից եկող օգնությունը թուլանում է: Այս ամենը դրական երեւույթ է եւ, կարծես թե, իրադրությունը Սիրիայում բարելավման միտում է դրսեւորում:

Սաֆրաստյանի գնահատմամբ` դա շատ բարդ գործընթաց կլինի, սակայն սկիզբը նկատվում է: Այդուամենայնիվ՝ Ռուբեն Սաֆրաստանը նաեւ ասաց, թե հոմոզված չէ, որ այն կավարտվի դրական լուծմամբ:

Երկրորդ դրական գործընթացը տարվա ընթացքում «Իրանի հետ կապված իրադրությունն է: Այստեղ նույնպես նշմարվում է դրական զարգացում` Իրանի միջուկային խնդիրը սկսում է լուրջ բանակցությունների առարկա դառնալ «վեցնյակի» երկրների եւ Իրանի միջեւ, ու այդ բանակցությունները, կարծես, դրական արդյունք են տալիս»:

Ռազմական գործողությունների վտանգն Իրանում նույնպես թուլացել է, կարծիք հայտնեց բանախոսը: Ըստ նրա՝ սակայն այս դեպքում նույնպես դժվար է ակնկալել գործընթացի ելքը: Արվում են միայն առաջին քայլերը ու վերջնական դրական արդյունքը հեռու է 100 տոկասանոց դրական ելքով ավարտվելուց:

Սաֆրաստյանը կարծում է, որ աշխարհաքաղաքական առումով այս երկու դրական զարգացումները կարելի է համարել շատ կարեւոր Մերձավոր Արեւելքում: Նա նաեւ կարծիք հայտնեց, որ Մերձավոր Արեւելքի իրադրությունը կառավարելու ԱՄՆ ձգտումն է թուլացել, քանի որ համոզվել են, որ հնարավոր չէ դա անելը:

Թուրքագետն անդրադարձավ նաեւ Թուրքիայի մերձավորարեւելյան քաղաքականությանը: Ըստ նրա` 2013-ին այդ քաղաքականությունը ծանր հարված ստացավ: «Դա կապված է, նախ, Սիրիայի հետ: Թուրքիան հույս ուներ, որ հնարավոր կլինի տապալել Ասադի իշխանությունը եւ իշխանության բերել այնպսիսի խմբավորումների, որոնք գտնվում են Թուրքիայի ազդեցության տակ: Այս ծրագիրը տապալվեց: Բացի այդ` կտրուկ վատացան Թուրքիայի հարաբերությունները այնպիսի կարեւոր երկրի հետ, ինչպիսին Եգիպտոսն է»:

Դա նոր երեւույթ է եւ, ըստ թուրքագետի, նշանակում է, որ անհաջողությամբ են ավարտվում Թուրքիայի` տարածաշրջանային առաջատարի դեր ստանձնելու ձգտումները: Թուրքիայի արկածախնդիր այդ քաղաքականության արդյունքում նա նաեւ սիրիական սահմանի վրա ստացավ ձեւավորվող քրդական գործոն, ինչը նոր գլխացավանք է Թուրքիայի համար:

Ինչ վերաբերում է կովկասյան տարածաշրջանին, ապա, ըստ Սաֆրաստյանի, այստեղ մեծ աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող իրադարձություն ինքը չի կարող արձանագրել,  թեպետ նշաններ կան` կապված վրաց-ռուսական հարաբերությունների հետ: Երկու երկրների միջեւ 2013-ին գրանցվել է առեւտրի աճ, ուստի կարելի է սպասել, որ դա կարող է հանգեցնել քաղաքական առումով հարաբերությունների ավելի խելամիտ մակարդակի, ինչը նաեւ բխում է Հայաստանի շահերից։

Ցուցադրել ավելի
Back to top button