Հասարակություն

ՔԿՀ- ներում քրեական «օրենքները» գերիշխում են նորմատիվ իրավական ակտերին

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Քրեակատարողական մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամներն  այսօր ամփոփել են 2013-ի գործունեության արդյունքերը. 200 այցելություն 12 քրեակատարողական հիմնարկներ,  4 հրատապ հաշվետվություն: Տարեկան զեկույցը դիտորդները կներկայացնեն առաջիկայում, իսկ այսօր խոսել են խնդիրներից հիմնականների  մասին: 

Քրեակատարողական մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը 2013- ին  այս ոլորտի նկատմամբ ուշադրության մեծացում չի արձանագրում: Խմբի անդամներից Ռոբերտ Ռևազյանը նշում է, որ տարվա 12 ամիսների ընթացքում հայաստանյան 12 քրեակատարողական հիմնարկ կատարած իրենց 120 այցելությունների արդյունքերը վկայում են, որ այն հիմնական խնդիրները, որոնք արձանագրել են նախորդ տարիների ընթացքում, կան ու շարունակում են գոյություն ունենալ։ «Թեև տարբեր բարձրագոչ հայտարարություններ են հնչում, բայց միևնույնն է՝ ուշադրությունն այս ոլորտի նկատմամբ փոքր է: Պատասխանատուները խորհրդային ժառանգության մասին են խոսում, նոր կառուցվող քրեակատարողական հիմնարկի, ֆինանսների սղության։ Բայց խնդիրը, իմ կարծիքով, քաղաքական կամքի բացակայությունն է»:

Կան խնդիրներ, որոնք համակարգային բնույթ ունեն, բայց կան նաև այնպիսինները, որոնք ֆինանսական կամ այլ ռեսուրսների մեծ ներգրավում չեն պահանջում: Որպես խնդիր դիտորդներ, օրինակ, քրեակատարողական հիմնարկներում  բուժսպասարկման որակն ու քանակն են համարում: Այցելվածների մեջ կան, եղել են նաև այնպիսիք, որոնք ընդհանրապես բժիշկ չեն ունեցել: Հոգեբանական ծառայության մասին դիտորդներն ավելորդ են համարում  խոսել։

Ինչ վերաբերում է քրեակատարողական համակարգի համար գերխնդիր դարձած գերբնակեցմանը, ապա հետևյալ արձանագրումն են անում: «Համաներումը թեև որոշակիորեն փոխել է իրավիճակը, բայց Նուբարաշենում, միևնույնն է, գերբնակեցման խնդիրը  լուծված չէ: Մենք նաև համոզում ունենք, որ կարճ ժամկետում քրեակատարողական հիմնարկները նորից դատապարտյալների թվի աճ են արձանագրելու»:

Խնդիրների շարքը չեն լքել նաև պայմանական վաղաժամկետ ազատման և հիվանդության պատճառով պատժից ազատման հարցերը: Ըստ դիտորդների՝ սրանց մասին նշվում է գրեթե բոլոր այցելությունների ժամանակ: Մեխանիզմները, նրանց կարծիքով գործնականում չեն գործում, իսկ եթե գործում են, ապա անհասկանալի չափանաիշերով: Դիտորդներից Հասմիկ Հարությունյանը նշում է, որ,  ըստ իրենց ուսումնասիրության, պայմանական վաղաժամկետ ազատման վիճակագրությունը նախորդ տարիների համեմատությամբ նվազում է արձանագրել։

Կա մի ոլորտ, որից դատապարտյալները հեշտությամ չեն բողքոքում: Խոսքը միջանձնային հարաբերությունների մասին է: Սա  դիտորդներն ամենալուրջ խնդիրն են համարում: Քրեակատարողական հիմնարկներում իշխում են քրեական կանոնները, արձանագրում են նրանք։ «ՔԿՀ-ներում գողական համակարգ է տիրում, քրեական «օրենքները» գերիշխում են նորմատիվ իրավական ակտերին: Բայց այս խնդիրները հեշտությամբ չեն բարձրաձայնվում, քանի որ վարչակազմի դեմ բողոքողը կհամարվի «գործ տվող»  և բոլորը գիտեն, որ նրա հանդեպ կկիրառվեն պատժի դաժան ձևեր»։

Միջանձնային հարաբերությունների ու քրեական կաննոների թեման կարտացոլվի դիտորդական խմբի տարեկան հաշվետվության մեջ, որը կներկայացվի առաջիկա ամիսների ընթացքում։

Ցուցադրել ավելի
Back to top button