ԿարևորՏնտեսական

ՏՄՊՊՀ- ն պայքարում է ոչ թե գերիշխող տնտեսվարողների, այլ՝ չարաշահումների դեմ

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

 Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2013-ին բավականին արդյունավետ է աշխատել: Այս ընթացքում ՏՄՊՊՀ-ի կողմից   ընդունվել է 445 որոշում, որոնց   արդյունքում նշանակված տուգանքների գումարը կազմում է 132 մլն. դրամ: Դատական ատյաններում  հանձնաժողովի 13 որոշում է բողոքարկվել, սակայն ոչ մի որոշում անվավեր չի ճանաչվել։ «Մենք չենք պայքարում բարձր կենտրոնացվածություն ունեցող շուկաների ու գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների դեմ, այլ պայքարում ենք նրանց կողմից թույլ տված չարաշահումների դեմ», այսօր ամփոփելով տարին ասել է հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։

Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելը ոչ թե կխոչընդոտի, այլ ընդհակառակը՝ մեծ դեր ու նշանակություն կունենա մրցակցության զարգացման, շուկաների կենտրոնացվածության թուլացման վրա, կարծում է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ հիմնավորելով՝ Հայաստանը փոքր շուկա ունի, տեղական արտադրությունը չի կարողանում հաջողությամբ մրցակցել ներկրված ապրանքներից շատերի հետ։

«Ավելի էժան գին ունենալու համար անրաժեշտ է, որպեսզի ինքնարժեքը էժան լինի, իսկ էժան ինքնարժեք ունենալու համար պետք է արտադրության ծավալները շատ, թողարկման ծավալները՝ մեծ լինեն:Մեր երկրում շատ ներդրումներ չեն կատարվում այն պարզ պատճառով, որ մեր ներքին շուկաները շատ փոքր են և տնտեսվարողների համար իրացումը մեծ խնդիր է: Մաքսային միության մեջ մտնելուց հետո մեր տնտեսվարողների համար մեծ հնարավորություններ են բացվելու արտահանման և  արտաքին շուկաների ձեռքբերման առումով»,- ասում է նա։

2013- ը հանձնաժողովի համար արդյունավետ էր, աշխատանքային տարին առանձնացավ նրանով, որ հատկապես գնումների ոլորտում չարաշահումներ կատարած ընկերությունների տվյալները  ՏՄՊՊՀ-ն սկսեց  տրամադրել գնումների աջակցման կենտրոնին, որտեղ նրանք հայտնվել են, այսպես ասենք,  «սև ցուցակում» ու որոշակի ժամկետով զրկվել գնումերի գործընթացին մասնակցելու հնարավորությունից: «ՏՄՊՊՀ-ն մեղմ է հատկապես փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ,- վստահեցրեց Արտակ Շաբոյանը՝ հավելելով,- հանձնաժողովը միայնակ չի կարող լուծել մրցակցային խնդիրները,  ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն խնդիրները, որոնք մենք բացահայտում ենք, ոչ թե պատճառ են, այլ՝ հետևանք»։

ՏՄՊՊՀ նախագահն այսօր էլ, ինչպես վերջին շրջանում, հայտարարեց, որ Համաշխարհային բանկի զեկույցում տեղ գտած հրապարակումների հետ համամիտ չէ։ Հիշեցնենք, որ այնտեղ ի թիվս այլ մեղադրանքների, նշված էր, որ Հայաստանի տնտեսությունում տարածաշրջանի երկրների համեմատությամբ բարձր է  մոնոպոլիաների և օլիգոպոլիաների կշիռը։ 

«Մենք չենք պայքարում բարձր կենտրոնացվածություն ունեցող շուկաների ու գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների  դեմ, այլ պայքարում ենք նրանց կողմից թույլ տված չարաշահումների դեմ»,- ասաց  հակամենաշնորհային հանձնաժողովի նախագահը՝ հայտարարելով, որ  ՏՄՊՊՀ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բավականին շատ ապրանքային շուկաներում կա կենտրոնացվածաության ցածր և միջին աստիճան: «Երշիկի շուկան, մակարոնեղենի արտադրությունը, գինու, կոնյակի արտադրությունը և էլի մի շարք շուկաներ մեր 2013թ մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առկա են ցածր և միջին կենտրոնացվածություն»։

Շաբոյանը չի կիսում նաև այն կարծիքը, որ ամբողջ աշխարհում Ամանորի նախաշեմին հատկապես սննդամթերքի գներն իջնում են,  սա նաև Հայաստանին է բնորոշ: Այդուհանդերձ՝ ՏՄՊՊՀ նախագահը վստահեցրեց, որ իրենց հանձնաժողովում աշխատանքային խմբեր են ստեղծվել,  որոնք պարբերաբար այցելում են հատկապես առևտրի մեծ կենտրոններ ու գնային մոնիտորինգ իրականացնում։

Ցուցադրել ավելի
Back to top button