Հասարակություն

Ոստիկանությունը շնորհավորում է ու նախազգուշացնում

Հարգելի հայրենակիցնե՛ր, առջևում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներն են, որոնք ավանդաբար անցկացնելու ենք բարձր տրամադրությամբ  ու մեծ ակնկալիքներով:

Այս տարի էլ Ճանապարհային ոստիկանությունը և՛ Ամանորի գիշերը, և՛ հաջորդող օրերին ուժեղացված ծառայություն է իրականացնելու հանրապետության բնակավայրերում ու ավտոճանապարհներին: Վիճակագրությունը փաստում է այդ ձեռնարկի արդյունավետությունն ու անհրաժեշտությունը. նախորդ երկու ամանորյա տոներին ուժեղացված ծառայության շնորհիվ կտրուկ նվազել են ճանապարհային պատահարները, կրճատվել է վթարներից ու վրաերթերից տուժածների թիվը:

Հարգելի վարորդնե՛ր, ոգելից խմիչքի թեկուզ փոքր չափաբաժնից հետո ձեռնպահ մնացեք ավտոմեքենա վարելուց: Հարբած վարորդների հանդեպ ոչ մի ներողամտություն չի դրսևորվի: Հիշե՛ք, որ տոնականության գրավականը երթևեկության մասնակիցների ապահովությունն ու անվտանգությունն է, որի համար պատասխանատու եք: Ուշադիր ու զգոն եղեք երթևեկելիս:

Հարգելի քաղաքացինե՛ր, երթևեկության անվտանգության ապահովման գործում աջակցեք ոստիկանությանը, փոխադարձ հսկում ու քարոզչություն իրականացրեք:

Ոստիկանությունը հատկապես այս օրերին ամբողջ ծավալով և ամենայն խստությամբ կիրականացնի իր գործառույթները, սակայն ակնկալում ենք երթևեկության բոլոր մասնակիցների բարձր իրավագիտակցություն՝ հիշեցնելով, որ կանոնները խախտելով՝ նախևառաջ վտանգում եք ձեր կյանքն ու առողջությունը:

Հարգելի համաքաղաքացինե՛ր, ոստիկանությունը հորդորում է խստիվ պահպանել անվտանգության կանոնները նաև տոնական հրավառություններ կազմակերպելիս:

Պայթուցիկ հրագործական միջոցների հետ վարվելու կանոնները չպահպանելու հետևանքով դժբախտ պատահարները բացառելու, ինչպես և հասարակական կարգի և անվտանգության պահպանման նպատակով՝  քաղաքացիներին կրկին հիշեցնում ենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ»  ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գիշերային ժամերին՝ 23.00-ից մինչև 7.00-ն ընկած ժամանակահատվածում, հրագործական արտադրատեսակներ օգտագործելն առաջացնում է վարչական տուգանք՝ 100.000 դրամի չափով: Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարության 2012 թ. օգոստոսի 9-ի համապատասխան որոշմամբ՝ Ամանորի կապակցությամբ թույլատրվում է հրավառություն կազմակերպել դեկտեմբերի 31-ի ժամը 23.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 1.00-ն:

Ոստիկանությունը վերստին հորդորում է խստագույնս պահպանել օրենքի պահանջը, իսկ կարգազանցները կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության:

Հարգելի բարեկամնե՛ր, կրկին կոչ ենք անում պահպանել համակեցության կանոնները, դրսևորել փոխադարձ հարգանք ու հանդուրժողականություն. հնարավոր պատահարներն ու դժբախտ դեպքերը բացառելով՝ իսկապես տոն դարձնենք նոր տարվա գալուստը:

Ոստիկանությունը շնորհավորում է ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում ամենայն բարիք, բարօրություն ու երջանկություն:

Ցուցադրել ավելի
Back to top button