Հասարակություն

Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շահառուների շնորհանդեսը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Երևանի պետական համալսարանի Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի նախասրահում այսօր տեղի է ունեցել Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում դրամաշնորհներ ստացած 10 բուհերի դրամաշնորհային ծրագրերի ներկայացումը: Միջոցառումը բացել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում դրամաշնորհների տրամադրումը իրականացվում է ՀՀ կառավարության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված միջազգային համաձայնագրով իրականացվող «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի համաձայն:

Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին համընթաց ՀՀ կառավարությունը նախաձեռնել է արդիականացնել և բարելավել բարձրագույն կրթության ֆինանսավորման համակարգը` ներդնելով բարձրագույն ուսումնական հաստատությունների ֆինանսավորման արդյունավետ սկզբունքներ և մեխանիզմներ: Բարձրագույն կրթության ֆինանսական կառավարման համակարգի բարեփոխման ուղղությամբ կարևոր նախաձեռնություն է Հայաստանի Նորարարությունների մրցակցային հիմնադրամը, որը բարձրագույն կրթության բնագավառում նորարարությունների խթանման քաղաքականության կարևոր գործիք է: 

Այսօր էլ տեղի ունեցավ Նորարարությունների մրցակցային հիմնադրամի առաջին շահառուների նախագծերի շնորհանդեսը, որին մասնակցում էր նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Շրջելով առանձին տաղավարներով՝ նախարարը ծանոթացավ բուհական համակարգի կողմից զարգացման այն նախագծերին, որոնք կիրականացվեն այս ծրագրի շրջանակներում:

Առաջին տաղավարը, որին ծանոթացավ նախարարը, պատկանում էր ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետին, որտեղ Արմեն Աշոտյանին ներկայացրին Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնը:

Արմեն Աշոտյանը շրջեց նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Երևանի պետական բժշկական համալսարանի, Պետական կառավարման ակադեմիայի, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի, ԳԱԱ գիտակրթական ազգային կենտրոնի, Գիտակրթական միջազգային կենտրոնի, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի տաղավարներով:

Մրցակցային հիմունքներով դրամաշնորհների տրամադրման նպատակն է նպաստել բուհերի կրթական գործունեության որակի և արդյունավետության բարձրացմանը, բուհերի կառավարման համակարգի զարգացմանը, մասնագիտական կրթական ծրագրերի ու դասավանդման մեթոդների արդիականացմանը, ինչպես նաև կրթական գործընթացում գիտահետազոտական աշխատանքների ներգրավմանը: 

Ցուցադրել ավելի
Back to top button