Հասարակություն

Նախագահական տոնածառի շուրջ այսօր հանդիպել են Երեւանի դպրոցների աշակերտները

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հանրապետության նախագահի նստավայրում մայրաքաղաքի դպրոցների աշակերտների այսօրվա ընդունելությամբ եզրափակվել են երկրի գլխավոր տոնածառի մոտ հատուկ երեխաների համար կազմակերպված տոնական միջոցառումները: Մայրաքաղաքի դպրոցականներին այսօր ընդունել է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը: Հիշեցնենք, որ դեռ մեկ տարի առաջ, լրագրողների հետ զրույցում նա հիշել էր իր մանկությունը` նկատելով, որ ինչպես ինքը, այնպես էլ շատ երեխաներ են ցանկանում լինել երկրի գլխավոր տոնածառի մոտ եւ հենց այդ ցանկությունը կյանքի կոչելու նպատակով էլ հիմնադրվել է յուրաքանչյուր տարեմուտին երեխաներին ընդունելու եւ նրանց հետ շփվելու գեղեցիկ ավանդույթը:

Նախագահական նստավայրում կազմակերպված ամանորյա միջոցառմանն այսօր մասնակցում էին աշակերտներ Երեւանի բոլոր դպրոցներից: Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի փոխանցմամբ` ընտրվել են ուսումնական տարվա ընթացքում մշակութային միջոցառումներում առավել ակտիվությամբ աչքի ընկած եւ բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտներին։ 

Երեխաներից շատերին գլխավոր տոնածառի մոտ էին ուղեկցել տնօրենները: Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի տնօրեն Խոսրովյանը «Ռադիոլուրի հետ զրույցում նկատեց, որ նման միջոցառումները նաեւ երեխաների մոտ գնահատված լինելու զգացում են առաջացնում եւ դրդում ուսման հարցում առավել նախանձախնդիր լինել։

Անհոգ ու հիշարժան օր ցանկացած երեխայի համար. ուրախ խաղեր, երգեր ու պարեր Ձմեռ պապի, Ձյունանուշի եւ սիրված հեքիաթների հերոսների մասնակցությամբ։ Տարիքով ավելի փոքր աշակերտներից ոմանք, որ դեռ հավատում են Ձմեռ պապին, ասացին, որ նամակներ գրել են եւ սպասում են նրա արձագանքին: Ոմանք էլ  ասացին, թե մեծ են արդեն ու Ձմեռ պապիկին նամակներ են գրել իրենց փոքրիկ եղբայրների ու քույրիկների անունից:

Երկրի գլխավոր տոնածառի մոտ հավաքված բոլոր երեխաներն այսօր այլ անակնկալ նույնպես ունեին. երեխաներն իրենց հետ տոնական տրամադրություններից ու  տպավորություններից զատ տարան նաեւ  Հայաստանի նախագահի եւ նրա տիկնոջ պատրաստած ամանորյա նվերները` այդ թվում նաեւ հեքիաթների ժողովածուներ, որոնց հերոսների հետ նախագահի նստավայրում նրանք նույնպես հանդիպեցին։

Ցուցադրել ավելի
Back to top button