ԿարևորՏնտեսական

Հաջողված, բարենպաստ, արդյունավետ ու բերքառատ. գյուղնախարարն ամփոփում է տարին

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ամփոփել է անցնող տարին: Մինչ այդ՝ ոլորտ առ ոլորտ գյուղատնտեսական տարին ամփոփել էին նրա տեղակալները: Սերգո Կարապետյանը գյուղատնտեսական տարին հաջողված, բարենպաստ, արդյունավետ ու բերքառատ է համարել, անկեղծացել ու խոստովանել է, որ  լրատվամիջոցների  քննադատությունները  շատ հաճախ իրենց  զգոն են պահել:  Գյուղնախարարը լրագրողներին նաև խոստացել է, որ 2014-ին  ավելի  թափանցիկ են աշխատելու:

Գյուղատնտեսական տարին ոլորտի պատասխանատուն՝ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հաջողված, բարենպաստ, արդյունավետ ու բերքառատ է համարում: Չնայած մայիսի 12-ին Արմավիրի մարզում տեղացած աղետաբեր կարկուտին, այդուհանդերձ ոլորտում բոլոր ուղղություներով աճ է գրանցվել. ավելացել են արտահանման, մթերման, անասնագլխաքանակի, հացահատիկի, գյուղացիներին տրվող ցածր տոկոսադրույքներով սուբսիդավորված վարկերի ծավալները:  

Անցնող տարվա ընթացքում հատկապես Արմավիրի մարզում տեղացած կարկուտից հետո գյուղացիները մի քանի անգամ փակեցին Երևան- Արմավիր  հանրապետական նշանակության մայրուղին։ «Մարդիկ այդ օրը սթրեսի մեջ էին, լարվածություն կար, ճանապարհ էին փակել, բայց այդ խնդիրները լրիվ հարթվեցին, և պետությունը մեծ օժանդակություն ցույց տվեց»,- նրան քայլն այսպես է մեկնաբանում նախարարը։

Անձամբ Սերգո կարապետյանը  ողջ կյանքում աշխատել է ոլորտում ու շփվել գյուղացիների հետ: Ոլորտի պատասխանատուն վստահեցնում է, որ գյուղերում շատ հաճախ են լինում, տեղյակ են նաև  գյուղացիների բոլոր խնդիրներից: Իսկ գյուղացիները դժգոհելու առիթներ չունեն,  նախ՝ ոլորտը ռիսկային է, կապված բնության քմահաճուքներից, «մենք արդեն սկսել ենք ապահովագրական համակարգի ներդրման առաջին քայլերը: Դա մեծ աշխատանք է, աշխատում ենք ապահովագրական երկու ընկերությունների հետ: Հնարավոր է, որ եկող տարվանից մի ոլորտ սկսենք ապահովագրել, օրինակ, անասնապահությունը կամ գյուղտեխնիկան»,- ասում է։

Հնամաշ գյուղտեխնիկան նույնպես խնդիր է գյուղացիների համար, աստիճանաբար՝ այս հարցը նույնպես լուծվում է, 2014-ին արդեն կսկսեն կոմբայնների նորացման աշխատանքները:

Գյուղացիների մի մասը դժգոհ է նաև Եվրոպայից ներկրված երինջներից ու այդ ծրագրից ընդհնարապես: Այն արդյունավետ չի գործել։ Հայաստան ներկրված եվրոպական երինջները երկրորդ անգամ չեն հղիանում։ Գյուղացիների բողոքների համաձայն՝ երինջների մի մասը սատկել է։ «Իհարկե՝ լինում են, որ չեն հղիանում, մարդկանց մեջ էլ կան, որ չեն հղիանում։ Սատկում էլ են, մարդիկ էլ են մահանում, այնպես որ՝ այդ խնդիրները կենդանական աշխարհում բոլորի մոտ կա: Բայց, ընդհանուր առմամբ, այդ ծրագիրը ես համարում եմ հաջողված»,- նկատում է Սերգո Կարապետյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button