Մշակույթ

2013- ի մեկնարկն ու ավարտը Պիետրոդարկիի հետ

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ՝ գեղարվեստական ղեկավար և  գլխավոր դիրիժոր  Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, 2013 թվականը  մեկնարկեց  ակորդեոնահար, բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի  հետ ելույթով, նրա հետ համատեղ համերգով էլ կեզրափակի տարին: Վաղը Արամ Խաչատչյան համերգսրահում կայանալիք   տարեվերջյան համերգի մենակատարների թվում է նաև իտալացի ֆլեյտահար Սառա Ռուլին։ Կհնչեն արգենտինյան ռիթմեր՝ Աստոր  Պիացոլայի  ստեղծագործությունները։

Արդեն չորրորդ անգամ ՝ միասին, նույն բեմահարթակում. Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ամփոփում է  2013 թվականը՝ աշխարհահռչակ բանդոնեոնահար  Մարիո Ստեֆանո  Պիետրոդարկիի  հետ համատեղ համերգով: Համերգին հանդես կգա նաև ֆլեյտահար  Սառա Ռուլին:

«Ես գիտեմ, թե ինչպես են Հայաստանում սիրում և ընդունում Մարիոյին: Երջանիկ եմ և հպարտ, որ նրա և երիտասարդական նվագախմբի հետ հանդես եմ գալու միևնույն բեմահարթակում»,-ասում է իտալացի ֆլեյտահարը:

Իսկ Մարիո Ստեֆանո  Պիետրոդարկին  երևանյան թվով 6-րդ համերգից առաջ խոստովանում է։ «Ամեն անգամ Հայաստան այցելելուց ես այնքան երջանիկ եմ։ Ուրախ եմ, որ դեկտեմբերի 25-ին Սուրբ Ծննդյան տոնը նշելու եմ այստեղ: Ինձ համար դեկտեմբերի 26-ը ևս կարևոր օր է: Ծննդյանս օրը, փաստորեն, այս տարի կգտնվեմ  իմ երկրորդ հայրենիքում:  Հայաստանյան համերգները  ես չափազանց կարևորում եմ, բայց ինձ համար առաջնայինը հայ հանդիսատեսին ամեն անգամ  նոր ու հետաքրքիր ծրագրով ներկայանալն է»։

Իտալացի աշխարհահռչակ երաժիշտն առաջին անգամ  Հայաստան եկավ  Տոնինո Գուերայի   հետ: «Նա ինձ հաճախ էր պատմում Հայաստանի մասին: Պատմում էր հայ ժողովրդի, եկեղեցիների մասին: Ամեն անգամ Հայաստան այցելելիս ես վայելում եմ ժամանակը»,- ասում է երաժիշտը:

Աստոր  Պիացոլայի  ստեղծագործությունների հանդեպ հայ հանդիասեսի չափազանց մեծ սերը նկատել է դեռ առաջին համերգի ընթացքում:«Ես գիտեմ, թե ինչպես են  հայերը սիրում նրա ստեղծագործությունները: Ցավոք՝ նա ունի հրաշալի աշխատանքներ, որ Հայաստանում երբևէ չեն հնչել: Վաղը կկատարենք հիմնականում Պիացոլայի միջին տարիքում գրած գործերը։ Համերգի երկրորդ հատվածում կներկայացնենեք կոմպոզիտորի հայտնի ու սիրված ստեղծագործությունները»։

Արգենտինյան ռիթմերով, տանգոյի կենսախինդ մեղեդիներով հագեցած համերգը կկայանա դեկտեմբերի 25-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում։

Ցուցադրել ավելի
Back to top button