Հասարակություն

Նախագահական տոնածառի շուրջն էին համախմբվել սիրիահայ եւ զինածառայողների երեխաները

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կրկին երեխաներն էին: Ավանդույթի համաձայն` կազմակերպվել էր Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ընդունելություն: Երկրի գլխավոր տոնածառի շուրջ այսօր տոնական միջոցառումներ էին կազմակերպվել Հայաստան տեղափոխված սիրիահայ երեխաների, Հայաստանի պաշտպանության համակարգում աշխատողների եւ ազատամարտիկների ընտանիքների հարյուրից ավելի երեխաների համար:

Պատերազմի պատճառով Սիրիայից հեռացած եւ Հայաստանում հաստատված սիրիահայ ընտանիքների,  Հայաստանի պաշտպանական համակարգում աշխատող եւ ազատամարտիկների երեխաների համար ամենահիշարժան օրերից մեկն է: Նրանք մեր երկրի գլխավոր տոնածառի մոտ են: Երեխաներին ընդունում եւ շնորհավորում է Հայաստանի նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը։

Հատուկ երեխաների համար կազմակերպված տոնական միջոցառման ողջ ընթացքում նրանց հետ են Ձմեռ Պապը, Ձյունանուշը եւ տարբեր սիրված հեքիաթների հերոսներ:  Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց, որ շատ հաճելի է երեխաների համար նման միջոցառման կազմակերպումը:

Երեխաների զգացումների մասին, թերեւս, ամենաշատը խոսում էին նրանց անկաշկանդ տրամադրությունները` երգեր ու պարեր Ձմեռ Պապի խնդրանքով, տարբեր խաղեր հեքիաթների հերոսների մասնակցությամբ:

Հիշեցնենք՝ դեռ մեկ տարի առաջ լրագրողների հետ զրույցում նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը հիշեց իր մանկությունը` նկատելով, որ ինչպես ինքը, այնպես էլ շատ երեխաներ են ցանկանում լինել երկրի գլխավոր տոնածառի մոտ եւ հենց այդ ցանկությունը կյանքի կոչելու նպատակով էլ հիմնադրվել է յուրաքանչյուր տարեմուտին երեխաներին ընդունելու եւ նրանց հետ շփվելու գեղեցիկ ավանդույթը։

Ցուցադրել ավելի
Back to top button