ԿարևորՏնտեսական

Հայաստանում սեփականաշնորհելու շատ բան կա, ասում է պետգույքի վարչության պետը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Այսօր լրագրողների հետ հանդիպել ու 2013 թ կատարած աշխատանքներն է այսօր ամփոփել կառավարութանն առընթեր պետգույքի կառավաման վարչության պետ Արման Սահակյանը։ Նա հայտարարել է, որ 2013-ին  պետգույքի մասնավորեցումից ավելի քան 447 մլն դրամի գումար է գոյացել, իսկ պետգույքի օտարումից գոյացած գումարներն ավելացել են 57 տոկոսով: Արման Սահակյանին ուղղված հարցերի շրջանակն  ընդլայնվել է ու եզրափակվել  վերջին օրերին բուռն քննարկման թեմա դարձած «ՀայՌուսգազարդ ընկերության» բաժնետոմսերի  վերջին 20 տոկոսը «Գազպորմին» փոխանցելու հարցը։

Կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման  վարչությունը 2013-ին որևէ գերտեսչության շենք չի վաճառել, առայժմ նմանատիպ առաջարկություններ էլ չկան: Սակայն, սա չի նշանակում, որ շահեկան առաջարկության դեպքում նոր շենքեր չեն վաճառվի, այսօր  տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ նախկինում կրկնած միտքը մեկ անգամ ևս հնչեցրեց կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման  վարչության պետ Արման Սահակյանը, ով միաժանակ նաև նկատեց, որ Հայաստանում սեփականաշնորհելու շատ բան կա:

Լրագրողի ակնարկը, ի դեպ,  նախորդ տարի վաճառված արտաքին գործերի նախարարության շենքի վաճառքին էր վերաբերում։ «Ես չեմ ասում, որ 2014-ին ոչինչ չի սեփականաշնորհվելու։ Կրկնում եմ, որ եթե լինեն առաջարկներ, պետությանը նպաստավոր առաջարկներ, ապա, բնականաբար, կլինի նաև սեփականաշնորհման գործընթաց»։

Հանրության ուշադրության կենտրոնում է շարունակում մնալ նաև Դվին հյուրանոցը: Ի վերջո՝ 2013-ին նոր համաձայնագիր է  կնքվել, որով գնորդը  պարտավորվել է 13,6 մլն դոլարին համարժեք ներդրում կատարել ու 2016թ ավարտել հյուրանոցի ներդրման հետ կապված աշխատանքները: Նախորդ պայամանգիրը իրավական տեսանկյունից բավականին թույլ էր, ուստի և պետությունը չէր կարողանում պարտավորեցնել գնորդին, որպեսզի վերջինս ներդրումներ կատարի:

Նոր համաձայնագրով ամեն ինչ փոխվել է, խոստացված ներդրումները չկատարելու դեպքում պետությունն անգամ իրավունք ունի գնահատված արժեքից 20 տոկոս էժան գնով գույքը վաճառել նոր գնորդին։ «2013 թ ընթացքում Դվին հյուրանոցի սեփականատերը պետք է ներդնի 850 հազար դոլարին համարժեք դրամ, մենք այս ներդրումների  կատարումը կվերահաստատենք 2014-ի հունվարի առաջին տասնհինգ օրվա ընթացքում, 2014-ին 3 մլն 970 հազար դոլար, 2015 թ ընթացքում 8 մլն 780 հազար դոլար: Բնականաբար՝ համաձայնագիրն այնպիսին է, որ ներդրումենր չանելը բավականին լուրջ տույժ-տուգանք է նախատեսում՝ չներդրված գումարի վեց տոկոսի չափով»։

Սկզբում  որոշվել էր  պարզապես վերանորոգել, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ շենքի հիմքն  ամուր չէ, ուստի և քանդվեց: Խոսքն այս դեպքում Կրկեսի շենքի մասին է: Բոլորովին նոր՝ միջազգային չափանիշերին համապատասխան կրկեսի շենք է կառուցում  մեկ այլ սեփականատեր, որի ով լինելը, ի դեպ, Արման Սահակյանը չբացահայտեց: Ի սկզբանե վերանորոգման համար նա պարտավորվել էր մինչև 2014թ  650 մլն դրամի ներդրում կատարել, այժմ ժամկետը երկարացվել է, ներդրումները կավարտվեն 2015թ դեկտեմբերին: Խոստացված ժամկետում ներդրումները չկատարելու դեպքում  չներդրված գումարի տասը տոկոսի չափով տույժ-տուգանք է նախատեսված: 

2013- ին  պետգույքի մասնավորեցումից ավելի քան 447 մլն դրամի գումար է գոյացել, 26 տոկոսով ավելի, քան՝ 2012-ին։ Պետգույքի օտարումից գոյացած գումարներն ավելացել են 57 տոկոսով: Նախանշված ծրագրերն ու  խոստումներն  իրականացվել են: Պետական գույքի կառավարման վարչությունը խոստացել ու  մեն-մենակ՝ հանրապետության նախագահի հանձնարարականով, վերանորոգել է Մամուլի տան շենքի վերելակը՝ ծախսելով 23 մլն դրամ: Արման Սահակյանը հիշեցրեց, որ ի սկզբանե գումարի կեսը պետք է տրամադրեին Մամուլի տան, այսպես ասենք, բնակիչները, մյուս կեսը՝ պետգույքի կառավարման վարչությունը: 

Արման Սահակյանն անդրադարձավ նաև վերջին օրերին ու, մասնավորապես, երեկ խորհրդարանում թեժ քննարկմնան առարկա դարձած բաժնետոմսերի  վերջին 20 տոկոսը   «Գազպորմ» ընկերությանը փոխանցելու խնդրին: «Գործարքն ամբողջությամբ՝ էությամբ ու բովանդակությամբ իրավաչափ  է»,- եզրափակեց կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության պետ  ՀՀԿ Արման Սահակյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button