ԿարևորՔաղաքական

ԼՂՀ- ն խաղաղարար ուժերի կարիք չունի, ասում է պաշտպանության նախարարը

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»

«ԼՂՀ-ն եւ բանակը խաղաղարար ուժերի կարիք չունեն։ Այս հարցը չի քննարկվել եւ երբեւէ չի էլ քննարկվելու»,-  այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը`պատասխանելով Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո Ղարաբաղում ռուսական խաղաղարար զորքերի տեղակայման մասին շրջանառվող լուրերի վերաբերյալ հարցին։ Տարեվերջի ավանդական ասուլիսում նախարարը ամփոփել է ավարտվող 2013 թվականը և անդրադարձել տարածաշրջանային մի շարք խնդիրների:

Այս տարի ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը  սպառազինությունների հարցն էր: Արցախի պաշտպանության նախարարը  պնդում է, որ Արցախի բանակում գործընթացը շարունակական է և  նաև հաջորդ տարի հանրությունը  ձեռք բերված նոր սպառազինությունների մասին է լսելու, բայց պատերազմ վերսկսել-չվերսկսելու հարցում, ըստ Մ. Հակոբյանի, սպառազինությունը որոշիչ չէ։ «Մենք սպառազինվելու ենք այնքան,  որքան անհրաժեշտ է մեզ՝ մեր խնդիրը կատարելու համար։ Հաջորդ տարի կլսեք նոր սպառազինության եւ հեռահար զենքերի ձեռքբերման մասին»,- ասում է։

Արցախի պաշտպանության նախարարը կարծում է , որ ՀԱՊԿ-ի կամ ՆԱՏՕ-ի շրջանակներում ՀՀ  իրականացվող աշխատանքներն  ուղղված են երկրի անվտանգության համակարգի բազմակողմանի ապահովմանը եւ պատերազմի չվերսկսմանը։ «Մենք շատ ուժեղ ենք եւ մտածելու ոչինչ չունենք։ Գյումրիի ռազմաբազան կլինի, կամ չի լինի, ՀԱՊԿ-ի շրջանակներում պայմանավորվածությունը կլինի, թե ոչ՝ մենք մեր խնդիրն իրականացնելու ենք, ես մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում»։

Ինչ վերաբերում է  տարածաշրջանում խաղաղապահների տեղակայման հնարավորությանը, ապա Մ. Հակոբյանը կարծում է, որ դրանց կարիքը չկա: «Խաղաղարար ուժերի տեղակայման վերաբերյալ որեւէ խոսակցություն չկա եւ, կարծում եմ, դրա անհրաժեշտությունը եւս չկա, որովհետեւ ԼՂՀ պաշտպանության բանակն ի վիճակի է ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը»։

Նախարարը լրագրողներին պատմե» նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հետ հանդիպաման մասին:  Քննարկման հիմնական թեման բնականաբար առաջնագծում տիրող վիճակն էր: «Մենք ունեցել ենք առաջարկություններ եւ դրանք եւս մեկ անգամ ներկայացրել ենք իրենց՝ շեշտը դնելով, որ պաշտպանության բանակը,  ինչպես նաեւ Հայաստանի զինված ուժերը մեկ ամիս ընդհանրապես պատասխան կրակ չեն բացել հակառակորդի ուղղությամբ,  բայց հակառակորդի կողմից խախտումները շարունակվել են»։

Քննարկված հարցերի շարքում Մովսես Հակոբյանը նշեց նաև լարվածության իջեցման ուղղությամբ կատարվող միջոցառումները,  այդ թվում՝ դիպուկահարների հետքաշումը եւ հրադադարի խախտումների վերաբերյալ հետաքննության անցկացումը: Այս կապակցությամբ ղարաբաղյան կողմն առաջարկել է դիտարկումների ժամանակ ներգրավել նաեւ առաջին գծում հերթապահություն իրականացնող զորամասերի հրամանատարներին եւ փորձել նրանց միջեւ երկխոսության հիմքեր ստեղծել՝ դրանով իսկ նպաստելով առաջնագծի լարվածության իջեցմանը։ «Կարծում եմ, ամենալավ պայմանավորվածությունը կլինի առաջին գծում հերթապահություն իրականացնող հրամանատարների եւզինվորների միջեւ»։

Իգոր Պոպովի հետ քննարկած հարցերից մեկն էլ ջրային ռեսուրսների համատեղ օգտագործման առաջարկին էր վերաբերվում:

Անկախ այս և  մյուս դիվանագիտական ջանքերից ինչպես տարվա ընթացքում իրավիճակը շփման,  այնպես էլ այս օրերին իրավիճակը շփման գծում մնում էր լարված, ԼՂՀ ՊԲ հրամանատարը հավաստիացրեց, որ չնայած դրան, այն գտնվում է  ԼՂՀ պաշտպանության բանակի վերահսկողության տակ:

Back to top button