Հասարակություն

Նախագահի նստավայրում կայացավ ամանորյա ավանդական հանդիպումը երեխաների հետ

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հանրապետության նախագահը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ այսօր Ամանորի եւ Ս. Ծննդյան տոների կապակցությամբ, ավանդույթի համաձայն, ընդունելության է հրավիրել մայրաքաղաքի եւ մարզերի երեխաներին: Հայաստանի ղեկավարը Ամանորի կապակցությամբ շնորհավորել է բոլոր մանուկներին ու մաղթել, որ լավ սովորեն եւ երկրի համար պիտանի քաղաքացի դառնան:

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց, որ նախագահի ուշադրության կենտրոնում են հատկապես սահմանամերձ գյուղերը: Այսօր էլ նախագահի նստավայր եկած երեխաների թվում գերակշռում էին սահամանամերձ գյուղերի դպրոցների երեխաները: Երեխաներին նախ դիմավորեցին Ձմեռ պապը, Ձյունանուշն ու հեքիաթների հերոսները։

Սահմանամերձ համայնքներից երեխաները մայրաքաղաք էին ժամանել երեկ: Մինչ նախագահի նստավայրում տոնական միջոցառմանը մասնակցելը՝ նրանց համար իրականացվել են մշակութային  այլ ծրագրեր: Երեխաները նախ այցելել են Հայաստանի պատմության թանգարան, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում դիտել են ներկայացում, իսկ երեկ երեկոյան էլ Հանրապետության հրապարակում մասնակցել են ամանորյա տոնական միջոցառման: Այսօր էլ արդեն նախագահի նստավայրում հանդիպեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Նախագահը վստահեցրեց` իր նպատակն այն է, որ երեխաներն ու երիտասարդներն ունենան իրենց դրսեւորելու բոլոր հնարավորությունները, ապա երեխաների ծնողներին ու ուսուցիչներին հավաստիացրեց, որ արվելու է ամեն ինչ` այդ հնարավորություններն ստեղծելու համար:

Երկրի ղեկավարն այնուհետեւ շփվեց երեխաների եւ ուսուցիչների հետ` հետաքրքրվելով նրանց խնդիրներով: Ուսուցչուհիներից մեկը` Անյուտա Ապրեսյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ նման ընդունելությունը երեխաների շրջանում մեծ ոգեւորության առիթ է դարձել։

Անակնկալն էլ չուշացավ. երեխաներն իրենց հետ նախագահի հետ հանդիպման տպավորություններից զատ կտանեն նաեւ երկրի ղեկավարի անունից իրենց տրված նվերները` այդ թվում հեքիաթների ժողովածուներ, որոնց հերոսների հետ նախագահի նստավայրում նրանք նույնպես հանդիպեցին։

Back to top button