Մշակույթ

«Հոգին գերադասեցի մարմնից». նկարիչը ցուցահանդեսը գերադասեց վիրահատությունից

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում այսօր  բացվել է գեղանկարիչ Նվեր Ռոմիա Հայրապետյանի առաջին  անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված են 40 աշխատանք՝ հիմնականում Սուրբծննդյան թեմաներով: Նկարչի համոզմամբ՝ ողջ մարդկության պատմությունն ամբողջությամբ  հիմնված է Աստվածաշնչի վրա, ուստի ինչ էլ որ անենք, ինչ որ կերպով վերադառնում  ու սնվում ենք հենց այդ պատմությունից, ասում։ 

Գեղանկարիչ Նվեր Ռոմիա Հայրապետյանի անհատական ցուցահանդեսը երկար տարիների կուտակումների արդյունքն է: Պարզապես ավելի վաղ ներկայանալու հնարավորություն չկար: Ծնվել ու այսօր էլ ապրում և ստեղծագործում է Արագածոտնի մարզի  Եղիպատրուշ գյուղում: Նկարիչների միության անդամ չէ, ավելին ՝ երբևէ նկարչական կրթություն չի ստացել:

«Ընդունվել եմ Թերլեմեզյան, հետո բանասիրական, բայց ոչ մեկն էլ չեմ ավարտել, քառակուսու մեջ տեղավորվել չեմ կարողանում»,- ասում է։ Նկարում է, որովհետև  չնկարել չի կարող: Հարցնում է ՝ դուք կարո՞ղ եք ապրել, օրինակ, առանց շնչելու: Որպեսզի շնչի՝ այսինքն նկարի, Նվեր Ռոմիա Հայրապետյանը պատրաստ է անգամ վարկ վերցնել անհրաժեշտ նյութերը գնելու համար։

Նկարիչն առողջական խնդիրներ ունի, գլխի վիրահատության կարիք կա, բայց ձեռքն ընկած, կյանքում գուցե առաջին, խոշոր գումարով որոշել է, այնուամենայնիվ, կազմակերպել իր առաջին անհատական ցուցահանդեսը: «Հոգին գերադասեցի մարմնից»,- ասում է: 

Նվեր Ռոմիա Հայրապետյանն անհայտ, անծանոթ անուն է գոնե արվեստասեր լայն հանրության շրջանում։ Հովհ. Թումանյանի թանգարանում բացված նրա առաջին անհատական ցուցահանդեսն է, որ կարող է պատմել Եղիպատրուշ գյուղում արարող, իր խոհերն ու տագնապները կտավին հանձնող գեղանկարչի մասին:

Ցուցահանդեսն իր նմանի հոգու խորքը թափանցելու արվեստագետի երազանքի իրականացումն է գուցե: Գեղանկարիչն ասում է. «Անսահման սիրելով իր նմանին՝ բոլոր ժամանակներում մտածող մարդն անհագուրդ  ցանկություն է ունեցել  բացել իր ներսն իր նմանի առաջ, արտահայտվել մինչև վերջ, գտնել այն լեզուն, որն իրեն կմիաձուլի ողջ մարդկությանը ու  կազատի միայնության սարսափից»։

Ցուցադրել ավելի
Back to top button