Հասարակություն

Տեղի ունեցավ ազգային անվտանգության մարմինների ծառայողին իվտ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Շնորհավորելով ԱԱԾ աշխատակիցներին մասնագիտական օրվա կապակցությամբ՝ ՀՀ կառավարության ղեկավարը նշել է. «Ազգային անվտանգության ծառայության աշխատողներն ունեն ազնիվ, պարկեշտ, պրոֆեսիոնալ հատկանիշներով մասնագետների համբավ: Դուք դա ժառանգել եք վետերաններից: Այսօր կարող ենք արձանագրել, որ ԱԱԾ-ն կարողացել է իր այդ բարձր կոչումը պահպանել և զարգացնել: Ձեր աշխատանքի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ շատ հաճախ այն անտեսանելի է սովորական քաղաքացու համար, ավելին, ձեր հերոսական սխրանքների մասին մենք իմանում ենք տասնյակ տարիներ հետո, իսկ երբեմն էլ այդ սխրանքները մնում են գաղտնի: Իրականում դուք ձեր գործունեությամբ էական ազդեցություն եք ունենում պատմության ընթացքի վրա»:

Վարչապետը հիշատակել է մի քանի նշանավոր հայազգի ներկայացուցիչների, որոնց ավանդույթներն այսօր հաջողությամբ շարունակում են ԱԱԾ աշխատակիցները: Տիգրան Սարգսյանն անդրադարձել է Խորհրդային միության արտաքին հետախուզության ծառայության հիմնադիր և առաջին ղեկավար Յակով Դավթյանին, ով իր անջնջելի հետքն է թողել ԽՍՀՄ-ի անվտանգության մարմինների կայացման գործում, նույն ծառայության երկրորդ ղեկավար Ռուբեն Կատանյանին, ԽՍՀՄ հերոս, հետախույզ Գևորգ Վարդանյանին և  նրա տիկնոջը՝ Գոհարին, ովքեր հայտնի են «Թեհրան-43» օպերացիայում անմիջական մասնակցությամբ: «Նրանց դերակատարությունն այդ օպերացիայում էական էր, որովհետև վերջիններիս հաջողվեց կանխել Հիտլերի կողմից երեք երկրների ղեկավարների նկատմամբ կազմակերպված մահափորձը: Միայն տասնյակ տարիներ հետո մենք իմացանք, որ Գևորգ Վարդանյանը ստացել է հերոսի կոչում: Կարող ենք հիշատակել նաև Հայկ Հովակիմյանին՝ հետախուզության հմուտ աշխատող, ում աշխատանքի արդյունքը կայանում էր նրանում, որ ԽՍՀՄ-ն ավելի շուտ ստացավ միջուկային զենք, ինչն աշխարհում փոխեց իրավիճակը:

Նման հերոսները ոգևորել են շատ երիտասարդների, ովքեր որոշել են իրենց նվիրել այս բարդ և հերոսական աշխատանքին: Ցանկանում եմ, որ այդ հերոսներն օրինակ ծառայեն այսօրվա շարքային աշխատակիցների համար, որպեսզի մենք կարողանանք շարունակել այդ ավանդույթները»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքով՝ դեռևս բավարար չեն այն միջոցները, որոնք կառավարությունը հատկացնում է ԱԱԾ աշխատակիցների սոցիալական խնդիրները լուծելու համար: Տիգրան Սարգսյանը հավաստիացրել է, որ հանրապետության նախագահի կողմից կառավարության առջև դրված բոլոր խնդիրները կկատարվեն 2014 թվականին և կբարելավվեն անվտանգության մարմինների ներկայացուցիչների աշխատանքային պայմանները:

ՀՀ ԱԱԾ համակարգի կայացման գործում ներդրած ակնառու ավանդի, երկարամյա և անբասիր աշխատանքի համար, ինչպես նաև ՀՀ-ում Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ կառավարությանն առնընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ գնդապետ Գորիկ Հակոբյանին Տիգրան Սարգսյանը պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշանվերով՝ անվանական ժամացույցով:

Ազգային անվտանգության ծառայության ապահովման գործում ունեցած զգալի ներդրումների և օպերատիվ հետախուզական գործունեության ընթացքում դրական ձեռքբերումների համար, ինչպես նաև ՀՀ-ում Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ մի խումբ ԱԱԾ ներկայացուցիչներ խրախուսվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Ցուցադրել ավելի
Back to top button