Տնտեսական

Գյուղնախարարությունը պարզաբանում է՝ ինչու է էժանացել միսը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Այս օրերին  հայաստանյան շուկայում մսի գինը   իջել է, նախորդ տարվա համեմատ տավարի մսի գինը նվազել է շուրջ 8 տոկոսով, 20-30 տոկոսով էլ նվազել է խոզի ու ոչխարի մսի գինը, բացառությամբ՝ խոզի ազդրամսի:  Գաղտնիք չէ, որ  շուկայում  գինը ձևավորվում է  առաջարկի ու պահանջարկի հիման վրա: Մսեղիքի գնի նվազումը  գյուղատնտեսության նախարարությունում կապում են գլխաքանակի կտրուկ աճի հետ:  Մինչդեռ՝ գյուղացիների մի մասն ու տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները  պնդում են, որ մորթ է սկսվել, քանի որ անասնակերը թանկացել է, չեն կարողանում կենդանիներին պահել։

Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գրիշա Բաղիյանը կրկին հակառակն է  պնդում։ «Ուրախալի է, որ մսի գնի անկումը պայմանավորված է  ոչ թե դրսից ներկրվող մսի հաշվին, այլ մեր հանրապետությունում արտադրված մսի հաշվին։ Այսօր մենք մսեղիքի ավեկլցուկ ունենք: Նոյեմբեր- դեկտեմբեր ամիսներին, կապված Ամանորի հետ, անասնագլխաքանակի մորթ  է տեղի ունենում, ոչ թե սպանդ է, ոչ թե, որ ստիպված են ու կեր չունեն: Դա բնական երևույթ է»,- ասում է փոխնախարարը։

Ի տարբերություն մսի՝ ձվի գինը 8-10 տոկոսով արդեն բարձրացել է, գնաճը ոլորտի պատասխանատուները կապում են ոչ թե  նախատոնական այս օրերի., այլ  էներգակիրների  ու փաթեթավորման պարագաների թանկացման հետ:  Գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության և անասնաբուծության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանի խոսքով՝ «այսուհետ համոզված եմ, որ ձվի գնաճ չի լինի, և մեր թռչնաբուծական ֆաբրիկաները կարող են ձուն արտադրել այն ձևավորված գներով, որը հիմա կա»։

Հայաստանում ամեն օր  800-900 հազար ձու է արտադրվում, նախատոնական օրերին անհրաժեշտ կլինի  լրացուցիչ 16 մլն հատ ձու: Նախարարությունում վստահեցնում են, որ ձվի դեֆիցիտ չի լինի ոչ միայն  Ամանորի նախշեմին, այլ՝ Հարության տոնին նույնպես:         

Գյուղատնտեսության նախարարության կանխատեսումներով՝  2014թ գարնանը ձվի ինքնարժեքը կնվազի։

«Համաճարակային լայն տարածված իրավիճակ չկա, ժամանակ առ ժամանակ անտառային գոտում՝  Տավուշում և Լոռիում, խոզերի պաստերելոզ, կեղծ ժանտախտ նկատվում է»,- ասում է գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գրիշա Բաղիյանը: Խոզերի պաստերելոզ հիվանդության պատճառով Լոռու մարզում անկում եղել է, գյուղացիներին փոխհատուցում չի նախատեսվում, քանի որ վերը նշված մարզերում պաստերելոզը անտառային հիվանդություն է, պարզաբանում է փոխնախարարը, «սա կախված է գյուղացիների պահվածքից։ Գյուղացին, եթե իր խոզը պահի գոմում, բտի, նա հիվանդ անասուն չի ունենա: Իսկ քանի որ անտառները վարակված են պաստերելոզով, պահում են անտառի հաշվին»։

Այս տարվա անցած ամիսների տվյալներով՝ Հայաստանից արտահանվել է շուրջ 100 հազար գլուխ ոչխար, անցյալ տարի նույն ժամանակահատվածում  արտահանվել էր 75 հազար գլուխ: Հայաստանից հիմականում Իրան է արտահանվում, այնտեղից՝ նոր այլ երկրներ: Հայաստանից ոչխարի արտահանման ամենաբարձր քանակություն գրանցվել է 2011թ, երբ արտահանվել էր 185 հազար գլուխ: Գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության և անասնաբուծության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը տեղեկացնում և հիշեցնում է՝ «մեր հնարավորությունները թույլ են տալիս Հայաստանից տարեկան արտահանել 240-250 հազար գլուխ ոչխար»:

Ցուցադրել ավելի
Back to top button