ԿարևորՀասարակություն

Հունվարի 1- ից Հայաստանն անցնում է նույնականացման քարտերի եւ կենսաչափական անձնագրերի

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Կենսաչափական տվյալներով անձնագրերն ու նույնականացման քարտերը Հայաստանում գործողության մեջ դրվեցին 2012 թվականի հունիսի 1-ից: Համակարգն արդյունավետ գործել է եւ կենսաչափական տվյալներով փաստաթղթերի առավելությունն ակներեւ է, ուստի որոշում ընդունվեց, որ 2014 թվականի հունվարի 1-ից` փաստաթուղթ ստանալու համար դիմող քաղաքացիներին տրամադրվի կենսաչափական տվյալներ պարունակող նույնականացման քարտ եւ անձնագիր: 

Օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններն արվել են: Կենսաչափական անձնագրերը հունվարի 1-ից կտրամադրվեն 10 տարի ժամանակով: ՀՀ ոստիկանության վիզաների անձնագրային վարչության պետ Նորայր Մուրադխանյանի խոսքով` կենսաչափական անձնագրերն ու նույնականացման քարտերն ավելի վստահելի պաշտպանություն ունեն։ «Աղքատության նպաստ ստացող ընտանիքի անդամներին եւ 16 տարին լրացողներին նույնականացման քարտ տրվում է անվճար»։

Նախկին նմուշի անձնագրերը, մինչեւ իրենց վավերության ժամկետի ավարտը, մնում են գործողության մեջ, տեղեկացրեց ոստիկանության պատասխանատու ներկայացուցիչը: Մինչեւ 16 տարեկանները եւ նախազորակոչային տարիքի անձիք` 16-18 տարեկանները, ովքեր 3 տարով են անձնագիր ստանում, իրենց ցանկությամբ կարող են հին նմուշի անձնագրեր ստանալ, քանի որ նրանց անձնագիր է տրամադրվում կարճ ժամկետով: Ծնողների ցանկությամբ` նրանք կարող են ստանալ նաեւ կենսաչափական անձնագրեր: «Կենսաչափական տվյալներով նույնականացման քարտի պետական տուրքը նախատեսված է երեք հազար դրամ, իսկ կենսաչափական անձնագրերը` 25000 դրամ»,- ասում է Նորայր Մուրադխանյանը։

Նա տեղեկացրեց, որ նույնականացման քարտը կիրառվում է Հայաստանի տարածքում եւ քաղաքացիները կարող են ստանալ միայն նույնականացման քարտ: Արտասահմանյան երկրներ մեկնելիս, սակայն, կենսաչափական անձնագրերն անհրաժեշտ են լինելու, եթե հին նմուշի անձնագրերի ժամկետն ավարտվել է։

Ցուցադրել ավելի
Back to top button