ԿարևորՔաղաքական

Հայլենդը, հակառակ Ադրբեջանի ճնշման, հաստատեց Բերձորի հետ համագործակցությունը

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»- Լոս Անջելես

Կալիֆորնիայի Հայլնդ քաղաքի իշխանությունն օրերս կրկին քննարկման է դրել Հայլնդն ու Բերձորը քույր-քաղաքներ հռչակելու որոշումը: Այն ընդունվել էր նոյեմբերին, սակայն ադրբեջանական բացասական արձագանքից հետո, Հայլնդի քաղաքային խորհրդի անդամներից մեկի պահանջով, վերանայման էր ներկայացվել` չեղյալ հայտարարելու առաջարկով: Հայլնդի տեղական իշխանության մարմինը, սակայն, վերահաստատել է որոշումը` անընդունելի համարելով օտար պետության միջամտությունը:

Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը, որը կոչված է ծառայել իր երկրի քաղաքացիների հյուպատոսական կարիքներին, թերևս Կալիֆորնիայում այդ քաղաքացիների և նման կարիքների բացակայության պատճառով իրեն զբաղեցնում է քաղաքական հարցերով, որոնց խառնվելու մանդատ չունի, այդպիսով թերևս փորձելով հակակշռել հայաշատ նահանգում հայկական լոբբիի գործունեությանը: Այդ ուղղությամբ արված վերջին քայլը Կալիֆորնիայի Հայլնդ քաղաքի գործերին խառնվելն էր։

Նոյեմբերի վերջին Հայլնդի քաղաքային խորհուրդը Արցախի հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձորը հռչակեց Հայլնդի քույր քաղաք: Նախապես ընդունված մեկ այլ  հռչակագրով Հայլնդն ամրագրեց, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և կոչ անում ԱՄՆ Կոնգրեսին և նախագահին աջակցել Արցախի ինքնորոշման իրավունքին ու ժողովրդավար անկախությանը:

Օրեր անց չուշացավ Լոս Անջելեսում Ադրբեջանի դիվանագիտական գրասենյակի դժգոհ արձագանքը. հյուպատոսությունը նամակներ ուղարկեց Հայլնդի քաղաքային խորհրդի անդամներին` պահանջելով չեղյալ հայտարարել երկու հռչակագիրն էլ` սպառնալով, որ դրանք կփչացնեն ԱՄՆ-ի և Ադբեջանի լավ հարաբերությունները:

Նամակից ազդվել և դիրքորոշումը փոխել էր Հայլնդի քաղաքային խորհրդի միայն մեկ անդամ` Ջոդի Սքոթը: Նրա պահանջով՝ քաղաքային խորհորդը կրկին քննարկման դրեց հարցը: Այդ քննարկումը, սակայն, Հայլնդի քաղաքային խորհրդի անդամների համար  ևս մեկ առիթ դարձավ` վերահաստատելու  որոշումը, նշում է  Հայ դատի հանձնախմբի ԱՄՆարևմտյան ափի գրասենյակի քաղաքական հարցերի պատասխանատու Թերեզա Երիմյանը։

Այլ պետության կառավարության ներկայացուցիչը, ինչպիսին Ադրբեջանի գլխավոր հյուպատոսն է, իրավունք չունի խառնվել ԱՄՆ տեղական կառավարման մարմինների գործերին, նշում են ամերիկահայ լոբբիստները՝ շեշտելով, որ իբրև ԱՄՆ քաղաքացիներ, իրենք անընդունելի են համարում, որ Ադրբեջանի հյուպատոսությունը փորձում է ազդել և ճնշում բանեցնել տեղական ընտրովի պաշտոնյաների վրա, ասաց Թերեզա Երիմյանը:

Սդրբեջանական բողոքագրից հետո ամերիկահայ քաղաքացիներն իբրև ընտրողներ նամակներ են գրել Հայլնդի քաղաքային խորհրդի անդամներին, երախտագիտություն հայտնել Հայլնդ- Բերձոր քույր-քաղաքաներ հռչակելու որոշման համար և հորդորել չերկնչել այլ պետության ապօրինի միջամտության առջև։

Հետաքրքրական է, որ Հայլնդն ու Բերձորը քույր-քաղաքներ հռչակելու նախաձեռնությունը Հայլնդի քաղաքապետ Մըքքելլոնինն է, ով հինգ անգամ եղել է Հայաստանում, վերջին անգամ նաև` Արցախում և որոշել գործնական հարթություն փոխադրել ջերմ հարաբերությունը երիտասարդ պետության հետ, որը, նրա բնորոշմամբ, հավատարիմ է խաղաղության, տնտեսական ազատության ու ժողովրդավարության արժեքներին։

Ցուցադրել ավելի
Back to top button