ԿարևորՔաղաքական

Հայաստանը դարձել է Խաղաղպահության նախաձեռնություններին աջակցող GPOI ծրագրի գործընկեր պետություն

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Այս օրերին Երևանում է Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պաշտպանության քարտուղարի  փոխտեղակալ Էվելին Ֆարկասի գլխավորած պատվիրակությունը: Ամերիկյան պաշտոնյան երեկ հանդիպել  է ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարի հետ, իսկ այսօր ընդհանուր ռազմական համագործակցության ծրագրի շրջանաներում պաշտպանության նախարարությունում տեղի են ունեցել հայ-ամերիկյան խորհրդակցություններ: 

«Պաշտպանության ոլորտում հայ- ամերիկյան համագործակցության ներկա մակարդակը բարձր են գնահատում և հայկական, և ամերիկայն կողմերը»։ Ըստ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանի՝ դա են վկայում նաև այսօր կայացած հայ-ամերիկյան պաշտպանական խորհրդակցությունների  արդյունքները: Քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, նախանշվել են հետագա համագործակցության հիմնական ուղղությունները։

Արձանագրվեց, որ Հայաստանը  դարձել է ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող Խաղաղպահության  նախաձեռնություններին աջակցող GPOI  ծրագրի գործընկեր պետություն: Նախաձեռնության շրջանակում Հայաստանի խաղաղապահ  կարողությունների   զարգացման նպատակով Միացյալ Նահանգները   կտրամադրի  1.5 միլիոն ԱՄՆ դոլար: Էվլին Ֆարկասի պարզաբանմամբ՝ սա տարածաշրջանային սահմանափակումներ չունեցող ծրագիր է, որը Հայաստանին հնարավորություն կտա  բարձրացնել իր կարգավիճակը միջազգային ասպարեզում։

Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելուց հետո արդյո՞ք այս հարաբերություններին սառեցում չի սպառնում. ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանն այս հարցում որևէ խոչընդոտ չի տեսնում: «Տնտեսական այս կամ այն դաշինքի մեջ մտնելը ռազմական, անվտանգության հարցերում որևէ սահմանափակում չի ենթադրում: Ավելին ՝ Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը պաշտպանության ոլորտում էլ ավելի կզարգանա և կխորանա>>,- ասում է նա, իսկ ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալը հավելում է. «ՌԴ- ն նույնպես ԱՄՆ-ի հետ իրականացնում է համագործակցության ծրագիր պաշտպանության ոլորտում»։

Ցուցադրել ավելի
Back to top button