ԿարևորՔաղաքական

«Կարող էր ավելի լավ լինել». ԱԻ նախարարը Երեւանի մայթերի մաքրման մասին

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կառավարությունն այս տարվա նախավերջին նիստում այսօր ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելու առաջարկությունն ընդունեց։ Կառավարության նիստի օրակարգում գերիշխող են եղել տնտեսական  ուղղվածություն ունեցող նախագծերը: Գործոդիրը նաև որոշեց փոխհատուցել Թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի ու գրող Լևոն Խեչոյանի արտերկում բուժվելու  ծախսերը: Արդեն նիստից հետո արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ առաջիկա օրերին երեք-չորս աստիճանով   ջերմաստիճանը կբարձրանա: Նախարարը նաև հայտարարել է, որ Երևանի  քաղաքպետարանին իրենց գերատեսչությունը համապատասխան  տեխնիկա տրամադրվել է, որպեսզի մայրաքաղաքի փողոցներն ու մայթերը մաքրվեն  ձյունից ու սառույցներից:  «Կարող էր ավելի լավ լինել»,- հայտարարել է Արմեն Երիցյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում արտակարգ իրավիճակների նախարարը  մայրաքաղաքի մայթերի մաքրման աշխատանքները։

Հայաստանի կառավարությունը որոշեց, որ պլանշետների արտադրությամբ զբաղվող հայ-ամերիկյան «Technology and Science Dynamics Inc․/Armtab Technologies» ընկերությունը  շահագործողի կարգավիճակով գործունեություն կծավալի  «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ-ի տարածքներում գործող «Ալյանս» ազատ տնտեսական գոտում։ Շահագործողի թույլտվության գործողության ժամկետը սահմանվեց  3 տարի` երկարաձգելու հնարավորությամբ: Ընկերությունն Ազատ տնտեսական գոտում կունենա  200 քմ տարածքով գրասենյակ:

«Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս»-ի հիմնական գործունեությունը լինելու է պլանշետների հավաքումն ու ծրագրային ապահովման մշակումը:  Պլանշետների բաղադրամասերը ներմուծվելու են հիմնականում Չինաստանից և Հոնկոնգից։ Ընկերության նախագահ Վահան Շաքարյանը ավելի վաղ տեղեկացրել էր, որ արտադրության շրջանակում արդեն կան «Անդրոիդ» համակարգով փորձնական հավաքված պլանշետներ՝ 7.85, 9, 9.7 և 10.1 դյույմանոց էկրանով, 3G և WiFi հնարավորություններով, ինչպես նաև առաջին հայկական հեռախոսը՝ Արմֆոնը (Armphone):  Որակի առումով պլանշետները ոչնչով չեն զիջում համաշխարհային հայտնի ապրանքանիշերին, իսկ արժեքը վերջիններիս գնի համեմատ կլինի էականորեն ցածր:

Ընթացիկ հաշվարկների համաձայն` յուրաքանչյուր օր հավաքվելու է 100 պլանշետ: Մեկ պլանշետի ինքնարժեքը կկազմի 135 դոլար, որը կվաճառվի 185 ԱՄՆ դոլարով: Հիշեցնենք` այս ընկերությունն էր, որ իր արտադրած առաջին հայկական պլանշետը օրեր առաջ նվիրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: ԿԳՆ Արմեն Աշոտյանը բանակցել է ընկերության ներկայացուցիչների հետ, 2016 թ, ամենայն հավանականությամբ, բոլոր առաջինդասարանցիները  դպրոց կգնան հայկական պլանշետներով: Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցանկություն ունի մեկ տարի շուտ սկսել  գործընթացը։ «Եթե այս որոշումից հետո իրենք կարողանան համապատասխան արտադրական ծավալները բավարերել, խնդիր չենք տեսնում»,- պատասխանեց ԿԳ նախարարը։

Կառավարությունն այսօր որոշեց Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման, ձկնորսության արգացման համալիր ծրագրի նախագծի, պետական բնապահպանական ու անկախ տնտեսական փորձաքննությունների անցակցման և Սևանի իշխանի պաշարների վերակագնման և ձկնաբուծութկան զարգացման հիմնադրամ ստեղծել։

Ցուցադրել ավելի
Back to top button