Հասարակություն

Ինչպիսին էր մարդու իրավունքների տեսանկյունից 2013 թվականը. ամփոփում են իրավապաշտպանները

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանում Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն այսօր նկատեց, որ սովորաբար իրավապաշտպանների զեկույցներում նույն փաստերի մասին խոսվում է յուրաքանչյուր տարի: Ըստ նրա` հիմնական շեշտադրումը չի փոխվել նաեւ 2013-ն ամփոփելիս։ «Հայաստանում մարդու իրավունքների վիճակը տարեց տարի հիմովին չի փոխվում»,- ասաց նա։ 

Սա քաղաքակա՞ն կամքի արդյունք է, թե՞ քաղաքական համակարգի. հարցադրումն առաջ քաշեց Ավետիք Իշխանյանը` եզրահանգելով, որ քաղաքական համակարգի արդյունք է: Ըստ նրա` որքան էլ խոսենք, սակայն չկա իշխանությունների տարանջատում Հայաստանում եւ դրանով էլ պայմանավորված են խնդիրները։

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը խոսեց իրենց կազմակերպությանն ուղղված դիմումների մասին: Ըստ նրա՝ հետեւելով գործերի ընթացքին՝ կարելի է եզրահանգել, որ քննությունները ընթանում են խայտառակ մակարդակով։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի գնահատմամբ` 2013-ը շատ լարված է եղել լրագրողների համար: Նրա փոխանցմամբ` դա պայմանավորված էր նախագահական եւ Երեւանի ավագանու ընտրություններով:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Մարտին Թադեւոսյանի փոխանցմամբ` խորհրդարանի մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովին մարդիկ դիմում են ամենավերջոմ: Ամբողջ տարվա ընթացքում ստացել են 178 դիմում: Ասաց, որ իրենք դիմումներն ընդունել են, համարժեք ընթացք տվել, սակայն,ավելին անելու հնարավորություն հանձնաժողովը չունի։

 

Ցուցադրել ավելի
Back to top button