Սպորտ

Բրազիլիայի դեսպանն ափսոսում է, որ Հայաստանը մի մասնակցելու աշխարհի առաջնությանը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի 2014 թվականի հունիսի 12-ից հուլիսի 13-ը Բրազիլիայում: Մեկնարկային հանդիպումը տեղի կունենա Սան Պաուլուում, իսկ եզրափակիչը՝ Ռիո դը Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում։ Հայաստանում Բրազիլիայի դեսպան Էդսոն Մարինիո Դուարտե Մոնտեիրոն այսօր ներկայացնելով աշխարհի առաջնության անցկացման նախապատրաստական աշխատանքները նշել է, որ 12 մարզադաշտերն էլ կառուցվելու և վերանորոգվելու են ՖԻՖԱ-ի պահանջներին համապատասխան: Դեսպանը խոսել է նաև Հայաստանի հավաքականի մասին և խոստովանել, որ մինչև հիմա չի հասկանում, թե ինչպես Հայաստանը դուրս  մնաց աշխարհի առաջնությունից: 

Ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությանը մնացել են հաշված ամիսներ: 2014 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու է 48 երկիր, և Հայաստանում Բրազիլիայի դեսպան Էդսոն Մարինիո Դուարտե Մոնտեիրոն մինչև հիմա չի հավատում, որ մասնակիցների շարքում Հայաստանի հավաքականը չի լինելու, առավել ևս երբ հետևել է Հայաստանի հավաքականի ընտրական փուլի խաղերին։

«Ընդամենը 6 ամիս առաջ եմ ժամանել Երևան և այդ ժամանակ աշխարհի առաջնության մասնակից երկրների կազմավորման վերջին փուլն էր: Մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ, թե ինչու չհաղթեցիք Դանիայի հավաքականին: Ես տեսել եմ, թե ինչպես հաղթեցիք Բուլղարիային, բայց չհասկացա, թե ինչու նույն իրավիճակում չհայտնվեցիք Դանիայի հետ խաղում: Խնդրում եմ հաշվի առեք, որ աշխարհի հաջորդ առաջնությունը կայանալու է 2018 թվականին Մոսկվայում: Երևանից այնքան էլ հեռու չի գտնվում Մոսկվան և ես հուսով եմ, որ հաջորդ առաջնությանն արդեն կմասնակցեք»,- ասաց նա։

Խոսելով Բրազիլիայում կայանալիք եզրափակիչ մրցաշարի նախապատրաստական փուլի մասին` դեսպանը նշեց, որ խաղերն անցկացվելու են Բրազիլիայի 12 քաղաքներում, իսկ դա նշանակում է, որ պետք է կառուցվեն և վերանորոգվեն ՖԻՖԱ-ի պահանջներին համապատասխանող 12 մարզադաշտեր, որոնցից մի քանիսն արդեն պատրաստ են: «Մենք շատ հպարտ ենք, որ 2014- ի ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը անցկացվելու են Բրազիլիայում: Բոլորդ գիտեք, որ Բրազիլիան ֆոտբոլային երկիր է»։

Միևնույն ժամանակ՝ դեսպանը նշեց, որ Բրազիլիան միայն աշխարհի առաջնության ուղղությամբ չէ, որ աշխատում է և հիշեցրեց, որ Բրազիլիայում անցյալ տարիների ընթացքում կայացել են երեք խոշոր մրցաշարեր՝ Պանամերիկյան խաղերը, Զինված ուժերի աշխարհի առաջնությունը և Կոնֆեդերացիաների գավաթը: Այդպիսով՝ այդ խաղերի ժամանակ օգտագործված վեց մարզադաշտերը արդեն իսկ պարտաստ են աշխարհի 2014 թվականի առաջնությանը:

Հարցին, թե Բրազիլիան կկարողանա՞ մրցաշարի ժամանակ ապահովել անվտանգությունը, Էդսոն Մարինիո Դուարտե Մոնտեիրոն պատասխանեց, որ Բրազիլիայի կառավարությունը ստեղծել է համապատասխան կոմիտե, որն էլ զբաղվում է անվտանգությամբ:

Հիշեցնենք, որ Բրազիլիան երկու անգամ է հյուրընկալում աշխարհի առաջնության խաղերը։

Ցուցադրել ավելի
Back to top button