Հասարակություն

Արմավիրում հաշվառում են ԽՍՀՄ Խնայբանկի նախկին ավանդատուներին

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիր

Արմավիրի մարզի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում սկսել են  նախկին ԽՍՀՄ Խնայբանկում  մինչև 1993 թ հունիսի 10 ներդրած ավանդների փոխհատուցման նպատակով   ավանդատուների հաշվառումը, որոնց  ընտանիքների անապահովության միավորը զրոյից բարձր է և ընտանիքի կազմում ընդգրկված են մինչև 1924թ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված կամ ՀՀ պաշտպանության ժամանակ  ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձինք:

Արմավիրի մարզպետարանի  առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ծաղկանուշ Գրիգորյանը նշեց, որ տարեցներն իրենք են դիմելու սոցիալական ծառայություն հաշվառվելու նպատակով, իսկ  Հայաստանի պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձանց հաշվառումն իրականացվում է  համապատասխան գերատեսչություններից ներկայացված ցուցակներով:

Փոխհատուցուման նպատակով  ավանդների վերաբերյալ տեղեկանքները տրվում են ՎՏԲ հայաստանյան  բանկից , որտեղ ճշտվում են ավանդատուների իսկությունն ու ավանդների չափերը:  Սոցիալական ծառայության Բաղրամյանի գործակալության գլխավոր մասնագետ  Արմեն Ալեքսանյանը նշեց, որ ունեցած տեղեկությունների հիման վրա  իրենք նախապես իրազեկում  են   ավանդատուներին հաշվառման համար և պահանջում անհրաժեշտ փաստաթղթերը:

Մինչ այժմ  Արմավիրի մարզի 3 գործակալություններում հաշվառվել է 12 ծեր և 25 հաշմանդամ ազատամարտիկ: Գործընթացը շարունակվում է:

Ցուցադրել ավելի
Back to top button