ԿարևորՀասարակություն

2013- ի ինը ամիսներին ծնունդները նվազել են 1,9 տոկոսով

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Պաշտոնական վիճակագրությունը կրկին փաստում է՝ այս տարվա անցած ինն ամսիների տվյալներով՝ հանրապետությունում ծնունդների թիվը նախորդ տարվա նույն ամիսների հետ  համեմատած նվազել է 1,9 տոկոսով:    Մեծ քանակությամբ ծնունդ է գրանցվել հունվարին։ Փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին նվազել է ծնունդների թիվը, իսկ հուլիս, օգոստոս և  սեպտեմբեր ամիսներին  աճ է նկատվել։ Ի դեպ՝ ծնունդների  ամենաբարձր ցուցանիշը  աշնան առաջին ամսվա ընթացքում է գրանցվել։

Ծնելիության գործակիցը միջին հանրապետականից բարձր է Երևանում, Արագածոտնում, Արարատում, Կոտայքում: Մնացած բոլոր մարզերում ծնելիության  գործակիցը միջին հանրապետականից ցածր է: Ամենացածրը՝  Սյունիքի մարզում է՝  հազար բնակչի հաշվով այս մարզում  4 ծնունդ է գրանցվել, այն դեպքում, երբ յուրաքանչյուր հազար բնակչի հաշվով հանրապետությունում ծնվել է մոտ 14 երեխա։

Այս տարի միջին հանրապետականից ցածր արդյունք  է գրանցվել  անգամ Գեղարքունիքում։ Անգամ, որովհետև այս մարզում տարիներ շարունակ հակառակ պատկերն է գրանցվել:  ԱՎԾ  մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը,  սակայն,  նկատում է , որ տվայլները դեռ այս տարվա  անցած ինն ամիսներն են ամփոփում:  Ծնունդների 2/3- ը, ի դեպ,  բաժին է  ընկնում 20-29 տարեկան կանանց:

Մահվան դեպքերը, բարեբախտաբար, որոշակիորեն նվազել են՝ 10 209 մահ՝ 2012-ի հունվար-սեպտեմբերի 10157-ի համետատ:   Բնական հավելաճի գործակիցը նվազում չի արձանագրել։

Այս տարի  նվազել է նաև մանկական մահացության դեպքերը, հունվարի սեպտեմբերին  0-1 տարեկան 303 երեխա է մահացել նախորդ տարվա  351-ի փոխարեն։

Ամուսնությունների թիվը ևս նվազել է 2,6 տոկոսով: Կարինե Կույումջյանը հիշեցնում է, որ խոսքը գրանցված ամուսնությունների մասին է: 13,7 տոկոսով ավելացել է նաև ամուսնալուծությունների թիվը: Կանայք Հայաստանում սկսում են ավելի ուշ տարիքում ծննդաբերել: Նույն տրամաբանությամբ էլ Հայաստանում  երիտասարդները  սկսել են ավելի ուշ տարիքում ամուսնանալ, նկատում է նաև սոցիոլոգ  Կարեն Սարգսյանը, սա էլ իր բացատրությունն ունի՝ երիտասարդները նախընտրում են լքել ՀՀ տարածքը։

Հավելեմ, որ Հայաստանի ժողովրդագրության վերաբերյալ միջազգային կազմակերպությունների կանխատեսումնեիրը ևս մխիթարական չեն:  ՄԱԿ-ի  տվյալներով՝ օրինակ, 2017-2018 թթ. Հայաստա­նը կհատի ծերացող երկր­ների սահմանագիծը և կդառնա ծերացած երկիր: Երկրները ծերացած են հա­մարվում, եթե ազգաբնակչության 14 և ավելի տո­կոսը 65 և ավելի տարիք ունեցող մարդիկ են: Ար­դեն 2050 թվականին Հայաստանում մեծահասակ­ների քանակը կկազմի 33 տոկոս։

Ցուցադրել ավելի
Back to top button