ԿարևորՀասարակություն

Նիշանյանի բանտարկության իրական պատճառը նրա հայ լինելն է

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Թուրքիայում երկու տարվա բանտարկության դատապարտված հայազգի լեզվաբան Սեւան Նիշանյանի բանտարկության իրական պատճառների մասին է այսօր խոսել Սարգիս Հացպանյանը: Նրա խոսքով` Սեւան Նիշանյանն աշխարհում բացառիկ ճշմարիտ մտավորականներից է եւ իր ցանկությունն է, որ հայ հասարակությունն իմանա նրա մասին: Սարգիս Հացպանյանը նկատել է, որ թուրքական դատարանը Սեւան Նիշանյանի բանտարկության որոշումը կայացրել է հենց այն պահին, երբ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Հայաստանից վերադարձել է Թուրքիա:

Սեւան Նիշանյանի բանտարկության իրական պատճառը նրա հայ լինելն է, որը Թուրքիայի պատմության շուրջ սուր հարցադրումներ է առաջ քաշում Թուրքիայի ներսում: Սարգիս Հացպանյանի գնահատմամբ` Սեւան Նիշանյանը Հրանտ Դինքից հետո այն բացառիկ անհատականությունն է, ով ճշմարտությունն է ուղիղ կերպով բարձրաձայնում: 2008-ին նրա «Սխալ հանրապետություն» գիրքը, որտեղ աշխարհի ամենատարբեր աղբյուրներից մեջբերված փաստերով մերկացվում է, թե ում է իրականում պատկանում այդ հանրապետությունում ստեղծված մշակութային արժեքները եւ որ իրականում թուրքերը եկվորներ են, դառնում է նրա հետ կապված դատական ոդիսականների սկիզբը։

Լեզվաբանը թուրքերենով հրապարակում է նաեւ «Բառերի տոհմածառ» գիրքը, որտեղ ցույց է տալիս, որ թուրքերենում օգտագործվող ամբողջ բառապաշարը փոխառություններ են պարսկերենից, հայերենից, հունարենից ու արաբերենից: Թուրքիայում խառնաշփոթ առաջացրեց նրա հերթական գիրքը՝ «Անունը մոռացած երկիրը», որտեղ ներկայացված է ներկայիս Թուրքիայի տարածքի բոլոր բնակավայրերի, վարչական տարածքների իրական անունները` ծագումնաբանությունն ու պատմությունը։

Սեւան Նիշանյանի հանդեպ թուրքական դատարաններում կա 19 հայց: Եթե բոլոր հոդվածներով դատապարտվի, ապա 219 տարի կպահանջվի։ Նիշանյանի վերջին դատապարտումը, նրա իսկ գնահատմամբ, ընդամենը շղարշն է, որպեսզի ցույց տան նաեւ, թե ինչի համար են դատապարտում: Բանն այն է, որ Նիշանյանը Իզմիրի մոտակայքում գնել է լիովին բռնի կերպով դատարկված հունական մի գյուղ ու այն վերականգնել` ինչպես եղել է հույն բնակիչների օրոք՝ պահպանելով հունական ճարտարապետությունը:

Նիշանյանի այս նախաձեռնությունը` պատմություն վերականգնելուն ու պահպանելուն ուղղված, թուրքական իշխանություններին ամենեւին էլ դուր չի գալիս: Նրանք գտնում են պատրվակ ու մեղադրում` իբր անօրինական շինարարություն իրականացնելու մեջ։ 

Սարգիս Հացպանյանը տեղեկացրեց, որ թուրք առաջադեմ մտավորականները ստորագրահավաք են սկսել` ի պաշտպանություն Սեւան Նիշանյանի: Ստրագրահավաքով նրանք դիմել են Թուրքիայի նախագահին, որն ի պաշտոնե միակ անձնավորությունն է Թուրքիայում, որ կարող է չեղյալ համարել դատարանի որոշումը։

Ցուցադրել ավելի
Back to top button