Հասարակություն

Բազմազավակ ընտանիքներն օրենսդրորեն պաշտպանված չեն

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Մեր երկրում այսօր բնակվում են հարյուրից ավելի բազմազավակ ընտանիքներ, որոնք ունեն 15 և ավելի երեխաներ: Հիմնականում գյուղերում ապրող այս ընտանիքները սոցիալապես անապահով են և պաշտպանված չեն նաև օրենսդրորեն:  Ըստ իրավաբան Խաչատուր Մարոզյանի՝ խորհրդարանում ավելի քան երկու տարի շրջաբառության մեջ է գտնվում «Բազմազավակ ընտանիքների աջակցության մասին» օրինագիծը, որը մինչ օրս չի ընդունվել։ Պատճառը՝  օրինագծով նախատեսվող ծախսատարությունն է։

Արդեն գալիք տարվա սկզբից ավելանալու է երրորդ և ավելի երեխայի ծննդի դեպքում տրվող միանվագ նպաստի չափը՝  ներկայիս 400 հազարից մինչև 1 մլն դրամ: Սակայն փաստացի, ըստ Մարոզյանի,  ընտանիքը մնում է անտեսված։ Օրենքի բացակայության պարագայում բազմազավակ ընտանիքները հայտնվել են ոչ արտոնյալ վիճակում, նշեց իրավաբանը:

Միևնույն ժամանակ՝ բազմակի ծնունդները հայտնվել են չարաշահումների դաշտում: Այդ երևույթի սաստելուն է ուղղված ընտանեկան դրամագլխի ներդրումը, ինչը արդարացված է, նկատեց հոգեբան Սիրանուշ Անդրեասյանը։ Բազմազավակ են լինում և ապահով ընտանիքները: Մասնավորապես՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարայանը և պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ունեն 5 զավակ, «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ 6 զավակ : Նման ընտանիքների առկայությունը ողջունելի է, ասաց տիկին Անդրեասյանը։

Օրենքը պետք է սահմանի ծնողների ոչ միայն իրավունքները, այլ նաև պարտավորությունները, ինչը կնպաստի ընտանիքի ամրապնդմանը, հավելեցին բանախոսները:       

Ցուցադրել ավելի
Back to top button